Տնտեսական տարին առանձնացավ փոփոխական դրսևորումներով
ОБЩЕСТВОԱվարտվում է հերթական տնտեսական տարին։ Այն առանձնացավ խիստ փոփոխական դրսևորումներով։ Տարեսկզբի բարձր ակտիվությունից հետո տնտեսական աճը աստիճանաբար սկսեց նահանջել։ Արդեն տարեվերջին տնտեսական ակտիվությունը մոտեցավ զրոյին։
Առաջին եռամսյակում վիճակագրական ծառայությունը Հայաստանում ներկայացրեց բավական բարձր՝ 4,4% տնտեսական աճ։ Սակայն երկրորդ եռամսյակից աճի միտումները սկսեցին նահանջել։
Տարվա երկրորդ կեսին Հայաստանում արձանագրվեց տնտեսական ակտիվության անկում։ Հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվեց 4,2%–անոց նվազում։
Մի պահ տպավորություն ստեղծվեց, որ դա ժամանակավոր երևույթ է։ Հատկապես որ օգոստոսին անկումը մեղմացավ։ Սակայն հաջորդող շրջանում տեմպը դարձյալ խորացավ։
Այն գագաթնակետին հասավ հոկտեմբերին, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վիճակագրական ծառայությունն արձանագրեց ակտիվության 7,8%–անոց նվազում։ Դրա վրա նկատելի էր հատկապես գյուղատնտեսության ցուցանիշների ազդեցությունը։
Տնտեսության այս ճյուղում հոկտեմբերին վիճծառայությունը միանգամից 30%–անոց անկում գրանցեց։ Մի բան, ինչը պայմանավորվեց առաջին հերթին ոլորտի ցուցանիշների վերախմբագրմամբ կամ ճշգրտմամբ։ Գործադիր իշխանության փոփոխությունից հետո նոր կառավարությունը որոշեց հստակեցնել տնտեսական բազան, ըստ էության համարելով, որ գյուղատնտեսության ցուցանիշներն ուռճացված են։
Ճշգրտումից հետո նախորդ տարվա տնտեսական ակտիվության հիմնական շարժիչ ուժը դարձած գյուղատնտեսությունը դադարեց օժանդակել համախառն ներքին արդյունքի ավելացմանը։ Տնտեսության այդ ճյուղում ոչ միայն դադարեց աճ արտահայտվել, այլև այն հատնվեց բավական խորը անկումային վիճակում։
Ի տարբերություն գյուղատնտեսության, աճի միտումները շարունակվեցին պահպանվել արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում։ Թեև դրանցում ևս ակտիվությունը տարեվերջին որոշ չափով նահանջեց, այնուհանդերձ շարունակեց բավական բարձր մնալ։
Եթե արդյունաբերության մեջ այն տատանվում է 6–6,5%, ապա ծառայություններում՝ 7,5–8%–ի սահմաններում։
Թե այդ ոլորտներում վերջին ամիսների դրսևորումների վրա ինչպիսի ազդեցություն է ունեցել ցուցանիշների ճշգրտումը, դժվար է ասել։
Չնայած տնտեսության մեջ տեղի ունեցած փոփոխական դրսևորումներին, այնուհանդերձ գրեթե ամբողջ տարվա ընթացքում բարձր աճի միտումը պահպանվեց արտահանման ոլորտում։ Այն հասնում է գրեթե 20%–ի։ Այս տարի Հայաստանից աննախադեպ քանակությամբ ապրանք է արտահանվել։ Ընդ որում, դա տեղի է ունեցել իրացման տարբեր շուկաների հաշվին։
Նորայր ՍԱՐԳՍՅԱՆ



