Տիգրան Օհանյանը Գրան-Պրիի է արժանացել Մինսկում կայացած վոկալիստների մրցույթում
ОБЩЕСТВО«Մեծ օպերա» վարկանիշային մրցույթի առաջատար Տիգրան Օհանյանը դեկտեմբերի 7-13-ը Բելառուսի Մեծի թատրոնում կայացած «Մինսկի վոկալիստների III միջազգային ամանորյա մրցույթում» հաղթանակ է տարել`արժանանալով գլխավոր մրցանակի` Գրան-Պրիի: «Սա իմ առաջին մեծ մրցանակն է: Երջանիկ եմ, որ այն ստաÕ �ում եմ Մինսկում, քանի որ այս թատրոնն իմ սրտում է, և հաճելի է, որ տեղացիներն ինձ այդքան աջակցեցին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իր եզրափակիչ ելույթում նշել է երգիչը:
Մեզ հետ զրույցում Տիգրանն ընդգծեց, որ իր համար հետաքրքիր էր այդ մրցույթին մասնակցել: «Ներկայացուցիչներ կային նաև մեր հարևան երկրից՝ Թուրքիայից, սակայն նրանք երկրորդ փուլ չանցան»,-ասաց Օհանյանը:
Մրցույթը բաղկացած էր երեք մասից: Տիգրանն առաջին փուլում ներկայացրել է Պինկերտոնի արիան «Մադամ Բաթերֆլայ» օպերայից, երկրորդում՝ կոմսի արիան «Ռիգոլետտո» օպերայից և «Սադկո» օպերայից հնդկացի հյուրի արիան: Երրորդ եզրափակիչ փուլում Տիգրանը «Բոհեմ» օպերայից դրվագով է հանդես եկել:
Մրցույթին 20 երկրից ավելի քան 200 ներկայացուցիչ է մասնակցել: Օպերային երգչի խոսքով՝հատկապես շատ էին երգիչները Ռուսաստանի Դաշնությունից և Բելառուսից:
Ժյուրիի կազմում ընդգրկված է եղել աշխարհի տարբեր երկրների բարձրակարգ 16 մասնագետ:
Գրան-Պրիին արժանանալու համար Տիգրան Օհանյանին հանձնվել է 10 000 դոլար: Այն հարցին, թե ի՞նչ նպատակով է սպառելու տվյալ գումարը, Տիգրանը դիվանագիտորեն պատասխանեց, որ առջևում նոր տարի է, նոր ծրագրեր, նոր մրցույթներ…
Անդրադառնալով «Մեծ օպերա» նախագծին՝ Օհանյանը հիշեցրեց, որ մինչ դեկտեմբերի 26-ը նախագծի մասնակիցների օգտին կարող են քվեարկել միայն ռուսաստանաբնակները, իսկ դեկտեմբերի 26-ին կայանալիք համերգից հետո նաև այլ երկրների քաղաքացիները, այդ թվում նաև հայաստանցիները:



