Մուշեղ Սաղաթելյան. «ՀՀԿ–ում ծվարած թալանչիների մի մասը կգնա բանտ». «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ կալանավայրերի վարչության նախկին պետ, «Մարտի 1–ի» քրեական գործով նախկին բանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանի կարծիքով` անկախությունից ի վեր մեր երկրի մինուճար զավակը՝ բանակը, բավականին նեղության մեջ է, իսկ քաղաքական դաշտը դեռևս նման է «աջաբսանդալի»: Հետևելով լրատվությանը, նա հանգել է այն եզրակացության, որ ՀՀԿ–ի կյանքը մոտենում է ավարտին, իսկ կուսակցությունների միավորման գործընթացը, նրա կարծիքով, խոսում է երկրում սպասվող դրական տեղաշարժերի մասին:
«Ես ուրախ եմ, որ կուսակցությունները միավորվում են, քանի որ արդյունքներն ավելի լավը կլինեն: Նոր կուսակցությունների միավորումները կպայքարեն իրենց շահերի համար և կստեղծվի մի մեծ ուժ, որը ընտրությունների ժամանակ կպայքարի անարդարությունների դեմ: Այսինքն՝ անարդարությունների դեմ պայքարող ուժ է ծնվում, որի համար ես շատ ուրախ եմ»,– «Փաստի» հետ զրույցում ասաց Մուշեղ Սաղաթելյանը:
Նրա կանխատեսմամբ մինչև 2017 թ. ԱԺ ընտրությունները ՀՀԿ–ն կկորցնի իր թիմի մեծամասնությանը, քանի որ այդ կուսակցությունում ծվարած գողերի, թալանչիների և ավազակների մի մասը կգնա բանտ, մի մասը` կփախչի այլ երկրներ, իսկ մի մասն էլ կփորձի թաքնվել իր պատյանի մեջ:
«Շուտով Հանրապետական կուսակցությունը կկորցնի իր դիրքերը և կընկնի աժիոտաժի մեջ: Հիմա ներքին տուսովկաներ են ընթանում: Այսքանով կվերջանա մաքրման պրոցեսը, որը տեղի կունենա միայն այդ կուսակցությունում»,– ասում է Մ. Սաղաթելյանը:
Խոսելով ՀՀԿ–ի` գողերի ու ավազակների այլ կուսակցություններում «տեղավորվելու» և այդպիսով կրկին իրենց համար ԱԺ–ի տաքուկ և անվտանգ անկյուններում ծվարելու հեռանկարի մասին, ասաց, որ նման մարդիկ այնքան մրոտված են, որ իրենց համար այս կամ այն տեղում տեղավորվելը բավականին դժվար կլինի:
«Չեն կարողանա տեղավորվել, բայց այն անհատականությունները, որոնց բիզնեսն իրենց քաղաքականությունն է, կմնան քաղաքականության մեջ: Ի դեպ, ես նկատի չունեմ այն անձանց, ովքեր բիզնես ունեն, այլ նրանց, ովքեր առանց բիզնեսի բավականին հարստություն են կուտակել: Նրանք են վտանգավոր»,– ասում է Մ. Սաղաթելյանը:
Քաղաքական գործչի կարծիքով` այդ վտանգավորության բարձր աստիճան ունեցող ՀՀԿ–ական «գողերը» ոչ թե իրենց կամքով կհեռանան, այլ նրանց կմաքրեն իշխանության եկած նոր ուժերը:
«Նոր վարչապետ Կարեն Կարապետյանը բացահայտ հայտարարում էայդ մասին: Հարցը, ի դեպ, ՀՀԿ–ն չէ, այլ՝ թե ովքեր են այդ ՀՀԿ–ի մեջ: Եվ երբեք պետք չէ լավատեսությունը և հույսը կտրել, քանի որ աշխարհի ամենահզոր զենքը հույսն է»,– ասում է Մ. Սաղաթելյանը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



