Եթե Թուրքիայում ընդունվի կառավարման նախագահական համակարգը՝ անգամ Օսմանյան կայսրությունից հետ ենք գնալու. Քըլըչդարօղլու
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձն անհրաժեշտ էր իշխանություններին երկրում արտակարգ դրություն սահմանելու և տասնյակ հազարավոր ձերբակալություններ իրականացնելու համար և որ այն իրականացվել է ամբողջովին վերահսկված ձևով, գրում է թուրքական diken.com.tr կայքը:
««Թուրքիա» թերթի սյունակագիրը հեղաշրջման առնչությամբ գրել էր, թե երբ և որտեղ են հավաքվել գյուլենականները: Այս ամենը ես կարդում եմ, իսկ հետախուզության կոմիտեի անդամները, վարչապետը, նախագահը չե՞ն կարդում», - ասել է Քըլըչդարօղլուն:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
Անդրադառնալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ներկայացրած նախագծին՝ Քըլըչդարօղլուն նշել է, որ վերջիններիս նպատակն Էրդողանի բռնատիրական կարգերն օրենքի դաշտ բերելն է:
«Մի երկրում, որտեղ լռեցվում են մամուլը, դատախազներն ու փաստաբանները և ակտիվ հասարակությունը, այդպիսի մի երկրում դուք այդ ի՞նչ Սահմանադրությունից եք խոսում»,- նշել է Քըլըչդարօղլուն և հավելել, որ Թուրքիան սիրող յուրաքանչյուր քաղաքացի պետք է դեմ քվեարկի նախագահական կառավարման համակարգի անցնելու նախագծին:
«Իր երկրը սիրող, իր երեխաների համար ավելի լավ Թուրքիա ցանկացող յուրաքանչյուր մարդ պետք է ոչ ասի այս նախագծին: Մենք այս հանրապետությունը կառուցելիս հիմնվել ենք ժողովրդավարության սկզբունքների վրա: Այս նախագծով մենք Օսմանյան կայսրությունից անգամ ավելի հետ ենք գնալու: 140 տարվա խորհրդարանական ավանդույթներն ենք ոչնչացնում», - հայտարարել է քեմալականների առաջնորդը:
Նշենք, որ օրերս Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրի խորհրդարան է ներկայացրել սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որի նպատակը կառավարման նախագահական համակարգին անցնելն է:
Էրդողանը պնդում է Թուրքիայում նախագահական համակարգի սահմանման հարցում՝ խորհրդարանականի փոխարեն, որը երկրում գործում է 1923-ին Թուրքիայի Հանրապետության կազմավորման սկզբից ի վեր: Նա կոչ է անում նախագահական կառավարման համակարգի անցնել և սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե անցկացնել:



