Այս խորհուրդները կօգնեն ազատվել անքնությունից
ЛАЙФԼife.panorama.am-ը գրում է.
Եթե սկսենք լուրջ մտահոգվել այն փաստից, որ յուրաքանչյուրս իր կյանքի մեկ երրորդը քնած է անցկացնում, միայն այդ մտքից անքնություն ձեռք կբերենք: Չպետք է, սակայն, մոռանալ, որ գիշերվա առողջարար քունն է մեզ օրվա ընթացքում աշխատելու, մեր բազմաթիվ հոգսերը հոգալու համար ուժ պարգևում: Այնինչ շատերս քնելուց առաջ այնպիսի սխալներ ենք թույլ տալիս, որ սկսում ենք տառապել անքնությամբ:
Ի՞նչ անել՝ հանգիստ քնելու, այսինքն նաև՝ հանգիստ ապրելու համար: Ահա մի քանի խորհուրդներ .
Մի պառկեք քնելու սառը ոտքերով
Եթե ոտնաթաթերը սառն են, քունը գիշերվա ընթացքում անպայման ընդհատվում է: Պարզապես պետք է քնելուց առաջ տաքացնել ոտքերը: Հագեք գուլպաներ կամ գտեք այլ միջոց:
Մի խմեք սուրճ՝ քնելուց 4 ժամ առաջ
Կոֆեինը երկար ժամանակ ձեզ ակտիվ է պահում և խանգարում է քուն մտնել:
Մի խմեք հեղուկներ՝ քնելուց 1-2 ժամ առաջ
Եթե քնելուց առաջ դուք ջուր կամ այլ հեղուկներ խմեք, ստիպված կլինեք գիշերվա ընթացքում մի քանի անգամ արթնանալ՝ զուգարան գնալու համար:
Մի ընթրեք՝ քնելուց 2 ժամ առաջ
Եթե պառկում եք քնելու լիքը ստամոքսով, երկար ժամանակ քունը չի տանում, քանի որ սնունդը մարսելիս օրգանիզմը ակտիվ է մնում:
Մահճակալի կողքին պայծառ լույսով զարթուցիչ մի դրեք
Զարթուցիչի էկրանի լույսը խանգարում է խորը քնել, արդյունքում առավոտյան դուք ինչպես հարկն է՝ հանգստացած չեք լինում:



