Թրամփի թիմը փորձում է հարաբերություններ հարթել բնիկ ամերիկացիների հետ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմը փորձում է հարաբերություններ հարթել Ամերիկայի բնիկ ժողովուրդների հետ, հայտնում է Politico պարբերականը ։
Անցումային թիմի մի քանի անդամներ ներկա էին Թրամփի բնիկ ամերիկացիների կոալիցիայի ու ամերիկացի հնդկացիների ու Ալյասկայի բնիկների առաջնորդների հանդիպմանը, պարբերականին այս մասին հայտնել է միջոցառմանը ներկա գտնված աղբյուրը։
Թրամփի բնիկ ամերիկացիների կոալիցիան ԱՄՆ բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների շրջանում Թրամփի կողմնակիցների կազմակերպությունն է, որը ստեղծվել էր 2016-ի հոկտեմբերին։
Թերթի աղբյուրի խոսքով, կոալիցիայի ներկայացուցիչներից մեկը հայտնել էր, որ հանդիպման նպատակն էր համոզել բնիկ ամերիկացիներին, որ ընտրված նախագահը մտադիր չէ արմատապես փոխել նրանց նկատմամբ քաղաքականությունը ու նրանց զրկել գոյություն ունեցող պետական աջակցությունից։
Հանդիպումից մեկ օր հետո Թրամփը ներքին գործերի նախարարի պաշտոնի համար առաջարկել էր կոնգրեսական Ռայան Զինկեի թեկնածությունը։ Ամերիկյան ՆԳՆ-ն, բացի ամենայնից, ղեկավարում է ամերիկյան հնդկացիներին ու Ալյասկայի բնիկներին վերաբերող ծրագրերը։
Հանրապետական Ռայան Զինկեն 55 տարեկան է, նա ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատում ներկայացնում է Մոնթանա նահանգը։ 1986-2008 թթ․ նա ծառայել է ԱՄՆ ռազմածովային նավատորմի հատուկ նշանակության ջոկատում։ 2014-ին ընտրվել է ներկայացուցիչների պալատում, իսկ 2016-ին վերընտրվել նոր ժամկետով։ Սակայն նախարարի պաշտոնին առաջադրվելու կապակցությամբ նա պետք է հրաժարվի կոնգրեսականի աշխատանքից։



