Շարունակվում են ձնամաքրման աշխատանքները
ОБЩЕСТВОՄայրաքաղաքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Գործընթացն իրականացվում է «Սանիթեք» ընկերության, մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների, համատիրությունների մարդկային և տեխնիկական միջոցների համատեղմամբ: Մաքրվում են ինչպես գլխավոր և երկրորդական փողոցները, այնպես էլ մայթերը, կանգառասրահների հարակից տարածքները, բակերն ու միջբակային աստիճանահարթակները:
Հաշվի առնելով բացասական ջերմաստիճանի հանգամանքը՝ գլխավոր և երկրորդական փողոցները պարբերաբար մշակվում են աղի և ավազի խառնուրդով՝ մերկասառույցի հնարավոր առաջացումը կանխելու նպատակով: Նույն եղանակով մշակվում են նաև մայթերը, բակային տարածքներն ու միջբակային աստիճանահարթակները: Համապատասխան բոլոր ծառայություններն աշխատելու են շուրջօրյա. տեղերում դրանց գործունեությունը վերահսկում են վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը և օպերատիվ շտաբը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն



