Մաքենիս-Ախպրաձոր ճանապարհը բացվել է, Վարդենյաց լեռնանցքում՝ վերականգնվել անցանելիությունը
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզի Մաքենիս-Ախպրաձոր ճանապարհը փակվել էր առատ ձյան եւ բքի պատճառով, դեկտեմբերի 14-15-ի ընթացքում, որի բացման աշխատանքներն ընթացել են երեկ երեկոյան եւ այսօր առավոտյան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ախպրաձորի գյուղապետ Լավրենդիկ Ղազարյանը, ճանապարհի անցանելիությունը ապահովվում է ոչ տեւական ժամանակով, քանի որ կրկնվող բքերը ժամերի ընթացքում կրկին փոխում են իրավիճակը:
«Երկու օր շարունակ, դեկտեմբերի 14-ին եւ 15-ին, ճանապարհաշինարարները կարողացել են ապահովել ճանապարհի անցանելիությունը, սակայն առավոտյան կրկին բուք է սկսվել՝ դժվարանցանելի վիճակ առաջացնելով: Բքի հանդարտվելուց հետո մաքրման աշխատանքները կվերսկսվեն»-հավաստեց գյուղապետը:
Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհը սպասարկող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ պատասխանատու Աղասի Ղուկասյանի տեղեկացմամբ՝ այսօր առավոտյան սկսվել են նաեւ Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի մաքրման աշխատանքները Վարդենյաց լեռնանցքում: «Արդեն երկու ժամ է, ինչ ապահովված է ճանապարհի անցանելիությունը, ընթանում են լայնացման եւ մշակման աշխատանքներ, սակայն կրկնվող բուքը կրկին իր գործն անում է: Ամեն դեպքում, փորձում ենք պահպանել անցանելիությունը»,-ներկայացրեց Աղասի Ղուկասյանը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ խաչատրյանի տեղեկացմամբ՝ մարզի մյուս ճանապարհներին կատարվում են մաքրման եւ մշակման աշխատանքներ, անցանելիությունն ապահովվում է, տեղերից ճանապարհների փակ լինելու մասին ահազանգեր առայժմ չեն ստացվել:



