Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն այցելել է Իրանում ՀՀ դեսպանություն
ОБЩЕСТВОՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջին վեհափառը դեկտեմբերի 15-ին այցելել է Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանություն։ Նրան ուղեկցել են Իրանի հայոց հոգևոր թեմերի առաջնորդներն ու իրանահայ համայնքի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպման ընթացքում Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, ողջունելով վեհափառին, նրան ներկայացրեց հայ-իրանական հարաբերությունների ներկա վիճակը, խոսեց միջպետական հարաբերություններում իրանահայ համայնքի կարևոր դերի և համահայկական նշանակություն ունեցող մի շարք խնդիրների մասին:
Կաթողիկոս Արամ Առաջինը, կիսվելով Թեհրան կատարած իր այցի տպավորություններով, կարևորեց Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումը՝ դրանք համարելով հայապահպանության և ազգային վերելքի անհրաժեշտ նախապայման»:



