Լևոն Տեր–Պետրոսյանի մասնակցությունը բավականին կխառնի ընդդիմության խաղաքարտերը
ПОЛИТИКАՔաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ 2017 թ.–ի ԱԺ ընտրություններից հետո կուսակցությունների դաշինքների ձևավորման հավանականությունը չնայած ավելի մեծ է, սակայն չի բացառվում, որ ընտրություններից առաջ որոշ կուսակցություններ փորձեն ընդլայնել իրենց շրջանակները:
«Հետընտրական դաշինքների ապագան իհարկե կախված կլինի ընտրությունների արդյունքներից, սակայն արդեն իսկ ձևավորված առաջին դաշինքի կազմից կարելի է ենթադրել, որ այդ քաղաքական ուժը հավակնություն ունի արևմտամետ դաշտում գլխավոր ընդդիմադիր ուժի դրոշակակիրը լինելու»,– ասում է Ս. Մինասյանը:
Նրա կարծիքով, սակայն, դեռևս դժվար է ասել, թե նրանց կհաջողվի՞ իրենց շուրջը համախմբել մյուս բոլոր արևմտամետ ուժերին: Արհեստականորեն ձևավորվող և հետագայում արագ փլուզվելու միտումներ ունեցող ինչպես նախընտրական, այնպես էլ հետընտրական միավորումների առկայությունը նույնպես քաղաքագետի կարծիքով նորմալ գործընթաց է, սակայն շոշափելի հաջողության հասնելու համար հարկավոր է, որ ընդդիմությունը կարողանա մեկ բևեռով հանդես գալ:
«Եթե ընդդիմությանը չհաջողվի մեկ բևեռով հանդես գալ, արդյունքները լավը չեն լինի և դժվար թե ընդդիմությունը կարողանա լուրջ արդյունքներ գրանցել»,– ասում է Ս. Մինասյանը:
Մինասյանը համաձայն չէ, որ դաշտում առկա բոլոր ընդդիմադիր կուսակցությունների միավորման դեպքում անգամ նրանց կհաջողվի ամենաշատը 20% ձայն հավաքել:
«Այս պահին դեռևս այս կամ այն քաղաքական ուժի կողմից առաջիկա ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու առաջին քայլերն են արվում: Նախընտրական դաշտը դեռ չի ձևավորվել և ընտրության մասնակից կուսակցությունները դեռ տեսանելի չեն, ուստի այս պահին հնարավոր չէ ասել, թե որ ուժի շանսերն ինչքան կլինեն: Պատկերը պարզ կլինի հաջորդ տարվա սկզբին, սակայն այս պահին կարող ենք արձանագրել, որ կուսակցությունները ակտիվ քաղաքական միավորներ և միավորումներ ստեղծելու ցանկություն ունեն, ինչը փորձում են իրականացնել»,– ասում է Ս. Մինասյանը:
Լևոն Տեր–Պետրոսյանի կողմից ՀԱԿ ընտրացուցակը գլխավորելու մասին հայտարարությունը, քաղաքագետի կարծիքով, ընդդիմադիր կուսակցությունների խաղաքարտերը բավականին կխառնի, սակայն ինչ չափով՝ դեռևս պարզ չէ: Դրա մասին նույնպես հնարավոր կլինի կանխատեսումներ անել կուսակցությունների կողմից ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելուց հետո միայն:
Արմինե Գրիգորյան



