Դպրոցականները շրջեցին Օպերայում և ներկա գտնվեցին «Մոխրոտիկի» համերգային կատարման առաջնախաղին
КУЛЬТУРА
Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջ. Ռոսսինիի հանրահայտ «Մոխրոտիկը» օպերայի համերգային կատարման հայաստանյան առաջնախաղը:
Լիբրետոյի հեղինակն է Յա. Ֆերրերտտին՝ ըստ Շ. Պերրոյի համանուն հեքիաթի: Ներկայացման դիրիժորն է ՀՀ արվեստի վաստ. գործիչ Զավեն Վարդանյանը: «Մոխրոտիկը» Ջ. Ռոսսինիի լավագույն ստեղծագործություններից է: Այն գրվել է 24 օրում: Օպերան ներկայացվել է Եվրոպայի լավագույն օպերային թատրոններում՝ մեծ ճանաչում բերելով հեղինակին:
Առաջին ցուցադրությունը եղել է 1817 թվականի հունվարի 25-ին Հռոմում: Past.am-ին Օպերային թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը շարունակում է հանրապետության դպրոցների հետ համագործակցությունը՝ օպերային և բալետային արվեստները, ինչպես նաև թատրոնի գործունեությունը հանրահռչակելու ուղղությամբ, որը միտված է ապագա հանդիսատեսի պատրսատման կարևորագույն գործին:
Ջ. Ռոսսինիի «ՄՈԽՐՈՏԻԿԸ» օպերայի համերգային կատարման առաջնախաղին հանդիսատեսի շարքերում էին Աբովյան քաղաքի ավելի քան 50 դպրոցականներ, որոնք նաև մասնակցեցին թատրոնում կազմակերպված շրջայցին, հանդիպեցին թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի, ՀՀ վաստ. արտիստ, օպերային երգիչ Կոնստանտին Սիմոնյանի հետ: Թատրոնից մեզ փոխանցեցին, որ հետագայում նույնպես հանրապետության տարբեր դպրոցների աշակերտների համար օպերային թատրոնում կկազմակերպվեն ճանաչողական շրջայցեր, ինչպես նաև հնարավորություն կտրվի ներկա գտնվելու օպերային և բալետային ներկայացումներին:
Լևոն Փանոսյան




















































