Երիտասարդական նվագախումբը Ցեղասպանության տարելիցին նվիրված հյուրախաղերով հանդես կգա Ավստրիայում և Իսպանիայում
КУЛЬТУРА
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հյուրախաղերով հանդես կգա Ավստրիայում և Իսպանիայում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
«Համերգներ ունենք Ավստրիայում' Վիեննայում և Լինցում: Սեպտեմբերի 18-ին Լինցում՝ Բրուքների փառատոնի շրջանակում, հանդես կգանք համերգով, իսկ սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության օրվան նվիրված համերգ է լինելու Վիեննայի Մյուզիքֆերայն համերգասրահում: Դասական երաժիշտների համար այն լավագույն դահլիճներից մեկն է, մեզ համար դա մեծ հաղթանակ է: Այնուհետև մեկնում ենք Իսպանիա. սեպտեմբերի 25-ին և 26-ին հանդես կգանք Սարագոսայի Sala Mozart և Մադրիդի Teatro Real համերգասրահներում: Վերջին համերգի տոմսերն ամբողջությամբ սպառվել են»,- նշեց ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը:
Իսպանական հյուրախաղերի ժամանակ առաջին անգամ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա ճանաչված ջութակահար Արա Մալիկյանի հետ:
«Արա Մալիկյանը հայազգի ջութակահար է, ծնվել է Բեյրութում, հիմա ապրում է Իսպանիայում: Նա լատինախոս երկրներում ամենահայտնի մարդն է, որի հետ համերգը միանշանակ մեծ հաջողություն է: Շատ կարևոր է, որ նվագախումբն առաջին անգամ այցելում է Իսպանիա, համերգ տալիս Teatro Real-ում այն արտիստի հետ, որն այդ երկրում ամենաճանաչվածն է ու հաջողակը»,- նշեց նա:
Սերգեյ Սմբատյանը վստահեցնում է՝ Արա Մալիկյանին միանշանակ Հայաստան են բերելու: «Պետք է հրավիրենք Հայաստան: Նա հայազգի հերոս է, բայց լավ ճանաչված չէ Հայաստանում: 2016-ի համերգաշրջանում պետք է նրան ներկայացնենք Հայաստանում»,- ընդգծեց նա:
Սմբատյանը փաստում է' նվագախումբը շրջագայությունների բոլոր համերգներին չի կատարելու ողբերգական երաժշտություն. հնչելու են հայ ազգի վերածնունդը խորհրդանշող գործեր: «Մեզ համար շատ հաճելի է, որ հանդես ենք գալու Մյուզիքֆերայնի և Teatro Real-ի պես համերգասրահներում: Աշխարհում 30-40 լավագույն նվագախմբեր կան, նրանցից բոլորը չէ, որ հանդես են եկել այս երկու դահլիճներում: Մեզ դա հաջողվել է»,- եզրափակեց Սերգեյ Սմբատյանը:




















































