Ավարտական փուլում են «Վերնիսաժի» տարածքում իրականացվող վերակառուցման և արդիականացման աշխատանքները
ОБЩЕСТВОԵրևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետը զեկուցել է, որ համաձայն քաղաքապետի հանձնարարականի` Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում 26 ներդրումային առաջարկներից բացի, արդեն հասանելի է նաև իրականացվող 11 խոշոր ներդրումային ծրագրերի մասին տեղեկատվությունը: Քաղաքապետը հանձնարարել է պարբերաբար թարմացնել այդ մասով տեղեկատվությունը:
Զեկուցվել է, որ ավարտական փուլում են «Վերնիսաժի» տարածքում իրականացվող վերակառուցման և արդիականացման աշխատանքները, և արդեն տարեվերջին տարածքն ամբողջությամբ կհանձնվի շահագործման:
Հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության հետ կապված՝ զեկուցվել է, որ ստուգայցերի ժամանակ հայտնաբերված խախտումների մասով կազմվել է 45 վարչական արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի՝ նախորդ շաբաթ ՃՈ հետ համատեղ ուսումնասիրվել և թվով 8 հասցեներում տարածքներ են հատկացվել տաքսիների կայանման համար անվճար ավտոկայանատեղիներ կազմակերպելու նպատակով: Հանձնարարվել է շարունակել աշխատանքներն ու անհրաժեշտության դեպքում նոր տարածքներ հատկացնել տաքսիների անվճար կայանատեղիներ կազմակերպելու համար:
Զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող հսկողությամբ հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 11 դեպքի մասով: Զեկուցել է նաև, որ 2 հասցեներում կատարվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: Հանձնարարվել է շարունակել հսկողությունը:
Չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերի հայտնաբերման և կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում 35 վարչական արձանագրություն է կազմվել: Հանձնարարվել է շարունակել և խստացնել այդ ուղղությամբ իրականացվող վերահսկողությունը:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 7 վարչական արձանագրություն: Նույն ժամանակահատվածում ապամոնտաժվել է 2 լքյալ կրպակ։ Քաղաքապետը հանձնարարել է առավել խստացնել բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ հատկապես հաշվի առնելով, որ Ամանորին ընդառաջ նման փորձերը կարող են հաճախակիանալ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն



