Բոլորն էլ ունեն նյարդեր և կարող են ափերից դուրս գալ, բայց ամեն մեկը պետք է զսպաշապիկ ունենա. Աստղիկ Գևորգյան
ИНТЕРВЬЮ
Լրագրող Վահե Մակարյանի և պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի միջև տեղի ունեցած միջադեպն ու լրագրողին հարվածելու մասին տեղեկատվությունն արժանացան լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունների քննադատություններին: Սակայն, ըստ Ռուբիկ Հակոբյանի, եղան ոչ միայն պատգամավորներ, այլ նաև լրագրողներ, որոնք զանգել և շնորհակալություն են հայտնել Հակոբյանին:
Past.am-ի հետ զրույցում Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանն ասաց, որ նման հարցերը պետք է վերլուծվեն և քննարկվեն:
«Միանշանակ դատապարտում եմ բիրտ արարքը, վիրավորանքը, էթիկայի կանոնների խախտումը: Ռուբիկ Հակոբյանը պատգամավոր է, լրագրող, մեր միության անդամ, այսինքն՝ հասարակության այն ներկայացուցիչն է, որից սպասում ենք նորմալ պահվածք: Մյուս կողմում էլ լրագրող է, որը պետք է առիթ չտա, չկոպտի: Մանրամասն չգիտեմ, թե ինչ է եղել, պետք է ինչ-որ հանձնաժողով անաչառ քննարկի տեղի ունեցածը: Բայց լրագրողը պետք է իրեն անխոցելի պահի, որպեսզի լրագրողական կազմակերպությունները կարողանան նրան պաշտպանել»,- նշեց տիկին Գևորգյանը:
Ըստ Ժուռնալիստների միության նախագահի՝ ով առաջինը խախտել է էթիկայի կանոնները, իհարկե, մեղավոր է: Գևորգյանն ընդգծում է՝ հասարակության մեջ աչքի ընկնող մարդիկ պետք է արժանավայել պահվածք ունենան:
«Բոլորն էլ ունեն նյարդեր և կարող են ափերից դուրս գալ, բայց ամեն մեկը պետք է զսպաշապիկ ունենա: Միանշական չեմ կարող պատասխանել, բայց միշտ դատապարտում եմ բիրտ ուժի կիրառումը՝ անկախ նրանից, թե լրագրող է, ոստիկան, քաղաքական գործիչ, իշխանության ներկայացուցիչ: Պետք է երկուստեք խելացի վերաբերմունք ունենան: Սա է իմ մոտեցումը»,- շեշտեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ մեղավորներին դատապարտելը չպետք է լինի անձնական նախապատվություններով, համակրանքներով կամ հակակրանքներով:
Աստղիկ Գևորգյանի խոսքով՝ քսանհինգ տարի է, ինչ երկիրն անկախ է, լրագրողներն ունեն ստեղծագործական ազատություն, չկան փակ թեմաներ, բայց մենք չենք սովորում այդ պայմաններում բարեկիրթ աշխատել: Մեր զրուցակիցը տեղեկացրեց. «Հիմա Ժուռնալիստների միությունը ստեղծում է հանձնախումբ՝ ի պաշտպանություն լրագրողերի: Այնտեղ աշխատելու են ԱԺ լրագրող-պատգամավորները՝ Մարգարիտ Եսայանը, Աղվան Վարդանյանը, Նիկոլ Փաշինյանը և այլոք: Զբաղվելու ենք թե՛ ԱԺ-ում հավատարագրված, թե՛ մնացած լրագրողների հարցերով»: Վերջում տիկին Գևորգյանն ասաց. «21-րդ դարում լրագրողը չպետք է բռնության ենթարվի»:
Լևոն Փանոսյան




















































