Նախագահն ընդունել է Չեխայի պատվիրակությանը
ПОЛИТИКАՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրին՝ նախագահը բարձր է գնահատել նրա անձնական ներդրումը հայ-չեխական բարեկամության ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Զդենեկ Շկրոմախին, ինչպես նաեւ չեխական խորհրդարանական պատվիրակության բոլոր այն անդամներին, ովքեր ս.թ. ապրիլի 24-ին Երեւանում մասնակցել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաեւ խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը միաձայն ընդունելու համար:
Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ Չեխիայի Սենատի փոխնախագահի այցը նոր խթան կհանդիսանա հայ եւ չեխ ժողովուրդների միջեւ հարաբերություններն ավելի ջերմացնելու, միջխորհրդարանական կապերն ավելի ակտիվացնելու համար: Սերժ Սարգսյանը մեծապես կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների զարգացման գործում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում եւ գոհունակությամբ նշել, որ հատկապես Եվրոպայի խորհրդում չեխ պատգամավորներից շատերն արդյունավետորեն համագործակցում են Հայաստանի պատվիրակության անդամների հետ:
Զդենեկ Շկրոմախը իր եւ չեխ պատգամավորների համար մեծ պատիվ է համարել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան այցելելը եւ ապրիլյան այդ օրերին հայ ժողովրդի կողքին լինելը: Նա համոզմունք է հայտնել, որ երկու պետությունների միջեւ տարբեր մակարդակներով՝ նախագահների, խորհրդարանների, կառավարությունների, համագործակցությունը կշարունակվի եւ ավելի կամրապնդվի:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հայ-չեխական առեւտրատնտեսական փոխգործակցության զարգացման հնարավորություններին, ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացին, տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:








