Ֆրանկ–Վալտեր Շտայնմայեր. «Պատասխանատու են նրանք, ովքեր այս տարվա ապրիլին կոնֆլիկտ հրահրեցին»
ПОЛИТИКАԹեև սպասվում էր, որ Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպում տեղի չի ունենա, քանի որ կողմերը, մասնավորապես Հայաստանը, մինչև վերջին պահը համաձայնություն չէր տվել, բայցևայնպես պարզվեց, որ հանդիպումը, այնուամենայնիվ, կայացել է:
Ռուսական Regnum կայքի քաղաքական մեկնաբան Ս. Տարասովի կարծիքով, իրականում Երևանն ու Բաքուն, այսպես կոչված, երկրորդ շնչառության համար, ոչ ուժ ունեին, ոչ էլ հնարավորություն:
Այդ պատճառով էր, որ ԵՄ արտաքին հարցերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին որոշեց հիշեցնել. «Մենք դեռ հույս ունենք, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կկատարվեն»: Իսկ ԱՄՆ և ՌԴ արտգործնախարարները հանդես եկան հայտարարությամբ և կողմերին կոչ արեցին սկսել ուղղակի բանակցություններ: Հայտարարությանը միացավ նաև Ֆրանսիան: Բայց նախկինում էլ նման հայտարարություններ քիչ չեն եղել, ու ամեն անգամ տարբեր պատճառներով հակամարտող կողմերի երկխոսությունը չի կայացել:
Ս. Տարասովի կարծիքով, եթե ապրիլյան պատերազմից հետո ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ճնշում չգործադրեր կողմերի վրա, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները դժվար թե հանդիպեին Վիեննայում: Ի դեպ, այդ մասին Համբուրգում բացահայտ կերպով ակնարկեց ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերը` պատասխանելով ադրբեջանցի լրագրողի` «բանակցային փակուղու» մասին հարցին: «Ես չեմ ուզում մատնացույց անել, բայց դրա համար պատասխանատու են նրանք, ովքեր այս տարվա ապրիլին կոնֆլիկտ հրահրեցին, ինչի արդյունքում շատ մարդիկ տուժեցին»,– պատասխանել է Շտայնմայերը:
Նրա խոսքով` «եթե ԵԱՀԿ–ն չկարողանար հասնել ապաէսկալացիայի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական հակամարտությունը կբռնկվեր նոր ուժով: Համանախագահներն աշխատում են բանակցությունները վերականգնելու ուղղությամբ, բայց ապրիլից հետո դա հեշտ գործ չէ»:
Ըստ Շտայնմայերի` մինչ ԵԱՀԿ–ն փորձում է «նվազեցնել ռիսկերը, կանխել կոնֆլիկտի սրացումը», արդեն, ըստ Մամեդյարովի, հակամարտության գոտում իրավիճակը «կարող է ցանկացած պահի վատանալ, ստատուս–քվոն չի կարող կայուն լինել», ինչը վկայում է այն մասին, որ Բաքվի կողմից կիրառվող բաց ու փակ լաբիրինթոսների, քաղաքական–դիվանագիտական` հաճախ բացահայտորեն պրիմիտիվ մանևրների ռեսուրսն սպառվում է:
Բաքվին անհրաժեշտ է տասն անգամ մտածել, մինչև հերթական պատերազմի դիմելը: Ապրիլից հետո տարածաշրջանում շատ բան է փոխվել` Հայաստանում տեղակայված է «Իսկանդեր» հրթիռային համակարգերը, Մոսկվան ու Երևանն ստեղծել են միասնական զորախումբ, ինչը լուրջ նշան է Բաքվի համար և ինչը նրան շատ է նյարդայնացնում: Այս առումով հարկ է հիշեցնել Բաքվի` վերջերս կատարած դեմարշը` Ռուսաստանի ռազմաօդային ուժերի տրանսպորտային ինքնաթիռի թռիչքը Ադրբեջանի օդային տարածքով դեպի Հայաստան արգելելը:
Արփի Սահակյան



