Հուսանք՝ Թրամփը նոր խնդիրներ չի ստեղծի մեր քթի տակ
МЕЖДУНАРОДНОЕ2015–ի ապրիլի 2–ին Իրանը և ՄԱԿ–ի ԱԽ–ի մշտական հինգ անդամներ Ռուսաստանը, ԱՄՆ–ն, Չինաստանը, Ֆրանսիան, Բրիտանիան ու Գերմանիան, երկարատև բանակցություններից հետո Լոզանում կարողացան շրջանակային համաձայնության գալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ, և ստորագրվեց մի փաստաթուղթ, որով հարթվում էին վիճելի խնդիրները: Ճիշտ է՝ ՄԱԳԱՏԷ–ն դեռ 25 տարի պիտի վերահսկեր Իրանին, բայց էականն այն էր, որ Իրանը պարտավորվում էր առաջ շարժվել վերահսկողության ներքո և բացառապես խաղաղ նպատակների հետապնդմամբ, իսկ տարածաշրջանը զերծ էր մնում նույնիսկ պատերազմից, որի հավանականությունը, հիշում եք, ինչ–որ պահի անխուսափելի էր թվում:
Բնականաբար, կային երկրներ (Իսրայել, Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Քաթար), որոնք դժգոհ մնացին Համաձայնագրից և հատկապես ամերիկյան քաղաքականության փոփոխությունից, իսկ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանն ու նրա՝ տարածաշրջանում ակտիվ դերակատարում ստանձնելու հեռանկարին, ակնհայտ թշնամանքով արձագանքեցին: Ողջ այս ընթացքում, օրինակ, Իսրայելը ջանում էր ռևանշի հասնել Օբամայի վարչակազմում, և բնական է, որ այժմ այստեղ կատարյալ ցնծություն է տիրում այն առիթով, որ ԱՄՆ Սենատը ևս տասը տարով երկարաձգեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները: Իսրայելն այսպիսով հույս ունի, որ իրադարձությունների նման ընթացքը կհասցնի նաև Համաձայնագիրն անվավեր ճանաչելու հանգրվանին և այս պահին արդեն ջանում է խնդրի իր պատկերացրած լուծումը պարտադրել Թրամփի վարչակազմին:
Իհարկե, Վեցյակի բոլոր երկրները չեն լռել: Ավելին՝ հստակ հայտարարել են, որ Համաձայնագիրն ամուր միջազգային հիմք ունի, և ոչ մեկը միայնակ այն չի կարող չեղարկել: Սակայն, անհասկանալի է նաև նույն Օբամայի պահվածքը, որը չօգտագործեց իր լիազորությունները և վետո չդրեց Սենատի որոշման վրա: Ուստի բնական է, որ Իրանն ամենաբարձր մակարդակով՝ ԱԳՆ, երկրի նախագահ, ՄԱԿ–ում մշտական ներկայացուցիչ, Իրանի փորձագիտական կոմիտե, պիտի հայտարարեր Համաձայնագրի և ընդունված որոշման հակասության մասին՝ իր հերթին սպառնալիքներ հրամցնելով ԱՄՆ–ին, եթե նոր վարչակազմն առաջանա միջազգային պայմանագրի ոգուն հակառակ ընթացքով:
Բայց Իսրայելը Իսրայել չէր լինի, եթե չմտադրվեր անել անհնարինը. դեկտեմբերի 4–ին, օրինակ, տեղի ունեցավ մի իրադարձություն, որ դուրս մնաց մամուլի ուշադրությունից, բայց մեր կարծիքով, անհրաժեշտ էր մանրազնին դիտարկման ենթարկել: Խոսքն ամեն տարի Վաշինգտոնում և Երուսաղեմում անցկացվող համաժողովի մասին է, որին ընդունված է Սաբանի ֆորում անունը տալ, քանի որ հրավիրվում է իսրայելական ծագմամբ ԱՄՆ մագնատ Խաիմ Սաբանի կողմից: Սովորաբար, իսրայելյան ու ամերիկյան քաղաքական էլիտան այդտեղ քննարկում են այն խնդիրները, որոնց համար հրեական լոբբին հետագայում պայքարում է բոլոր ճակատներում: Այս տարի ֆորումը քննարկում էր Իսրայելի տեղն ու դերը տարածաշրջանային լոկալ/գլոբալ քաղաքականության համատեքստում, և առաջինը Իրանի միջուկային համաձայնագրի չեղարկման պահանջն էր Թրամփից: Ավելին՝ պաշտպանության նախարար Լիբերմանը հայտարարեց, որ իրենք պիտի հասնեն տարածաշրջանում նաև Իրանի բարեկամների չեզոքացմանը, մասնավորապես նաև Ասադի ռեժիմի տապալմանը:
Սրան ի պատասխան՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարեց, թե Իսրայելն առնվազն ցավոտ դռներ է բախում: Այնպես որ մեզ լուրջ զարգացումներ են սպասվում, բայց թե ով կհամակվի մեծ հիասթափությամբ՝ դեռ վաղ է ասել: Հուսանք՝ Թրամփն առկա խնդիրները նվազեցնելու փոխարեն նորերը չի ստեղծի: Եվ այն էլ՝ ճիշտ մեր քթի տակ...
1
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
2
«Россия и Армения укрепляют стратегическое сотрудничество через новый железнодорожный маршрут»
3
Скандал вокруг Севана: почему даже сторонники Пашиняна не смогли промолчать? «Паст»
4
«Добровольцы» для выполнения прихотей властей: «Паст»
5
Только от самого факта интервью Нарека Карапетяна впали в шок: «Паст»



