Life.panorama.am-ը գրում է.
Ծագումով գյումրեցի դերասանուհի Ջուլիա Ստեփանյանը Life.panorama.am-ին պատմել է 28 տարի առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին իր հիշողություններն ու խոսել է այսօրվա Գյումրիի մասին:
«1988-ի դկտեմբերի 7-ին Գյումրիյում չէի, այդ ժամանակ աշխատում էի Ստեփանակերտի թատրոնում, իսկ բոթը լսելուց հետո, ամուսինս հազիվ երեք օրում կարողացավ հասնել Լենինական, ուր իմ ողջ հայրական ընտանիքն էր: Ես իմ աչքով չեմ տեսել այդ սարսափելի պատկերը, սակայն ամուսինս գրեթե ուշքի չէր գալիս իր տեսածից: Փառք Աստծո, այդ օրը իմ ընտանիքում զոհեր չէին եղել, սակայն այդ արհավիրքից հետո անչափելի շատացան ինֆարկտները ու ավելի ուշ երեք եղբայրներս հեռացան հենց ինֆարկտից»,- պատմեց դերասանուհին:
28 տարի անց, միեւնույն է, վերքերը չեն սպիանում, ոչինչ չի ամոքում, սակայն Ջուլիա Ստեփանյանի խոսքով` Գյումրիին փրկեց գյումրեցու տեսակը.
«Թեկուզ հարյուր տարի անց այս վիշտը չի ամոքվի, բայց գյումրեցու նման քաջ ժողովուրդ աշխարհը չունի, միայն նրանք կարող էին այդքանից հետո ոտքի կանգնել, դեմքը հողից կտրել ու կանգնել, շարունակել ապրել: Գյումրեցիները քաջ են, որովհետեւ նրանց մեջ նույնիսկ այդ օրը հումորը չի կորել, կորուստներից հետո անգամ սկսել է կատակներ անել ու հենց դա է նրանց փրկել: Իհարկե, գյումրեցիների դեմքին արյունով սպին մնաց, անգամ այսօր ծնված գյումրեցու աչքերում կա այդ տխրությունը: Ինքս, գյումրեցի լինելով, տեսել եմ, թե ինչ հրաշալի ու ժպտառատ քաղաք էր մինչ երկրաշարժը, ի վերջո, մեր երկրում թատրոնը Գյումրիում է ծնվել, իսկ այսօր, երեխայից մինչեւ մեծահասակ, աչքերում դաջված տխրություն ունեն: Այսօր` 28 տարի անց, Գյումրիում դեռ կան վայրեր, որոնք հիշեցնում են ավերածությունները, բայց գյումրեցիները տղամարդ ժողովուրդ են, նրանք շարունակում են թախծին իրենց մեջ պահելով ապրել ու արարել, նրանք իրար թիկունք են ու երբեք չեն կործանվի»:



