«Դիլիջան» ազգային պարկում բռնկված հրդեհի համար զինվորնե՞րն են մեղավոր.«Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
Երկու օր առաջ լուր տարածվեց, որ Տավուշի մարզի «Դիլիջան» ազգային պարկում
հրդեհ է բռնկվել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով` այրվել էր 15 հա տարածք. 20 նորատունկ ծառ և 100 կոճղ: «Փաստը» կապ հաստատեց «Դիլիջան» ազգային պարկի փոխտնօրեն, պահպանության գծով պետ Վաղինակ Վասիլյանի հետ՝ պարզելու, թե որն է եղել հրդեհի բռնկման հիմնական պատճառը: Վասիլյանը պատմեց, որ հրդեհը բռնկվել է Դիլիջանի զորամասի զինվորական հրաձգարանի տարածքում վարժություններ կատարելու ժամանակ:
«Այդտեղ զինվորական հրետանային հրաձգարան է՝ զինվորները տանկերից կրակում են: Նախորդ տարի էլ նույն վայրում հրդեհ էր բռնկվել: Երբ կրակել են, բռնկվել է չոր խոտածածկը, այնուհետև հրդեհը տարածվել է ու մտել անտառի մեջ»,– տեղեկացրեց փոխտնօրենը:
Նրա խոսքով՝ հրդեհի մարմանը մասնակցել են և՛ զինվորականները, և՛ ազգային պարկի աշխատողները, և՛ ԱԻՆ–ի հրշեջները: «Ինչ վերաբերում է պարկի անձնակազմին, ապա բոլորս էլ արել ենք առավելագույնը՝ հրդեհը կարճ ժամանակահատվածում հանգցնելու համար»,– նշել է նա: Միացյալ ուժերով երեք ժամում կարողացել են հանգցնել կրակը: Հրդեհի արդյունքում այրվել էր անտառի խոտածածկը: Վասիլյանն ասում է, որ ուրիշ լուրջ վնասներ ինքն անձամբ չի տեսել: Այժմ իրենք հատուկ հանձնաժողով են ստեղծել, որպեսզի համապատասխան մասնագետները չափումներ անեն՝ հրդեհի ընդգրկման չափերի, վնասի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար:
– Պարոն Վասիլյան, լուրեր կային, որ նորատունկ ծառեր էլ են այրվել, դա այդպե՞ս է:
– Մենք դա դեռ պիտի ճշտենք: Մեր մասնագետները պիտի տեսնեն արդյոք այդ տարածքում կային նորատունկ ծառեր, թե դա ուղղակի դեզինֆորմացիա է: Ժամանակ տվեք, մենք ամբողջը կամփոփենք և հստակ պատասխան կտանք:
– Որքա՞ն հեկտար է ընդգրկել հրդեհը:
– Կայքերում սկզբից գրված էր 5, հետո՝ 15 հեկտար, բայց ճիշտ կլինի մենք չափենք, հետո հրապարակենք՝ մոտավորապես 10 հա–ի մասին է խոսքը: Կարող է քիչ լինի, բայց հաստատ շատ չի լինի, որովհետև երկու ժամվա մեջ հասցրել ենք հանգցնել հրդեհը:
– Դուք ասում եք, որ նախորդ տարի էլ է նույն վայրում հրդեհ եղել, կրկին զինվորների՞ «մեղքով»:
– Նույն պատմությունն է եղել, էլի կրակել են տանկից: Բայց մենք ոչ մեկին էլ չենք մեղադրում: Կրակում են, խոտածածկն է կպնում: Դե չոր խոտ է, կարա լինի: Տեխնիկապես դա իրենց տարածքն է: Ես նախորդ տարի էլ եմ տեսել նույն վայրում հրդեհ, թեև դեռ չէի աշխատում ՊՈԱԿ–ում, և ժողովուրդն էլ է ասում, որ դա պարբերաբար կրկնվող երևույթ է:
– Ինչ–որ հորդորներ արե՞լ եք, խոսե՞լ եք զորամասի հրամանատարության հետ:
– Ոչ, չենք խոսել: Դեռ մեր մասնագետները պիտի նայեն, հասկանան, թե ինչ լուծում կարելի է տալ: Թիրախի դիրքը ուղիղ անտառի տակ է: Եվ եթե վարժությունների ժամանակ կրակի ուղղությունը փոխեն և կրակեն այնտեղ, որտեղ ընդհանրապես ծառեր չկան, դա ամենաճիշտ և հեշտ լուծումը կլինի:
– Այսինքն՝ եթե ուղղությունը փոխելու տարբերակ չլինի, կրկին հրդեհների առաջացման վտանգ կլինի՞:
– Չեմ կարող ասել, բանն այն է, որ խոտածածկն է բռնկվում և տարածվում: Նրանք իհարկե անտառի մեջ չեն կրակում:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



