Շրջանառության մեջ դրվեցին «Եվրոպա 2016. Մտածե'ք կանաչ» թեմայով երկու նոր նամականիշներ
ОБЩЕСТВО«Եվրոպա 2016. Մտածե'ք կանաչ» թեմային նվիրված երկու նամականիշները դեկտեմբերի 1-ին մարվեցին և դրվեցին շրջանառության մեջ: Մարման պաշտոնական արարողությանը մասնակցեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, «Հայփոստ թրասթ մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը:
«Մտածե'ք կանաչ» առաջին նամականիշի հեղինակն է Դոքսիա Սերգիտուն, որի նախագծած նամականիշը հաղթել է ԵՎՐՈՊԱ նամականիշի 60-ամյակին նվիրված մրցույթում, և այդ նամականիշը թողարկում են «PostEurop»-ի բոլոր անդամ երկրների փոստային օպերատորները: Նամականիշի վրա պատկերված է ձեռք, որը ներկում է գորշ գույները կանաչ ներկով` խորհրդանշելով, որ «մեր ձեռքերում է ավելի կանաչ մոլորակ ստեղծելը»:
Երկրորդ նամականիշի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը: Նամականիշի մի մասում պատկերված է ամայի, անկենդան տարածք, մինչդեռ մյուս մասում ներկայացված է առողջ, փարթամ ծառ` խորհրդանշելով բնության վերականգնումն ու ապաքինումը:
Վահագն Մկրտչյանի խոսքով` նամականիշների գաղափարն այն է, որ կանաչը գերակշռող լինի մեր կյանքում: «Ամեն տարի Եվրոպան նոր թեմա է առաջադրում, իսկ այս տարվա թեման «Մտածե'ք կանաչ»-ն է: Շատ կարևոր է Եվրոպայում զարգացնել էկոլոգիան, քանի որ մեծ է դրա աղտոտվածությունը: Նամականիշների միջոցով փորձեցինք ցույց տալ, որ էկոլոգիայի պահպանությունը պետք է գերակշռող լինի մեր կյանքում»,- ասաց նա:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հավաստմամբ, եվրոպական թեմայով նամականիշներ ունենալը ևս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանը եվրոպական ընտանիքի անդամ է: «Եվրոպական Միությունը կարևորում է էկոլոգիական խնդիրները, և այս համատեքստում մենք աշխատում ենք ՀՀ կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ գտնելու ժամանակակից մեթոդներ այդ խնդիրների լուծման համար: Առաջընթացը պարզելու համար կարևոր է մի բան, որքան կայուն են Հայաստանում ժողովրդավարական գործընթացները` անկախ դատական համակարգը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, այնքան ամուր է կապը Եվրոպայի հետ»,- նշեց Սվիտալսկին:



