Զեյթունում 27-ամյա երիտասարդը խանդի հողի վրա ջարդել է կնոջ գործընկերոջ ծնոտը՝ ենթադրելով, թե նա համբուրվում է իր կնոջ հետ
ОБЩЕСТВО1in.am-ը գրում է.
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ հաշտությամբ ավարտվեց Հայկ Ա.-ի գործի քննությունը:
27-ամյա Հայկին մեղադրանք էր առաջադրվել տուժողի՝ Տիգրան Ս.-ի առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հուլիսի 16-ին, ժամը 21-ի սահմաններում Հայկը գնացել է իր կնոջ աշխատավայրի՝ Ռուբինյանց փողոցում գործող առևտրի կենտրոնի մոտ, որ սպասի կնոջը, միասին տուն գնան:
Հանկարծ նա նկատել է, որ առևտրի կենտրոնի աշխատակից Տիգրան Ս.-ն համբուրվում է… իր կնոջ հետ:
Հայկի աչքերի առաջը սևացել է, նա մոտեցել ու առանց պարզաբանումների, խանդի հողի վրա ձեռքով մեկ հարված է հասցրել Տիգրանի ծնոտին՝ պատճառելով առողջության միջին ծանրության վնաս՝ տևական քայքայումով:
Ջախջախիչ հարվածից հետո է պարզվել, որ Տիգրանը համբուրվում էր ոչ թե Հայկի կնոջ, այլ իր ընկերուհու հետ, ով արտաքուստ նման էր Հայկի կնոջը:
Վոդևիլային այս պատմությունը դատարանում ավարտվեց հաշտության համաձայնությամբ. տուժողն ու ամբաստանյալը հայտարարեցին, որ հաշտվել են: Տուժողն ասաց, թե քաղհայցի պահանջ չունի, չի ցանկանում, որ Հայկ Ա.-ն ենթարկվի քրեական պատասխանատվության:
Դատարանը տուժողի հետ հաշտության հիմքով դադարեցրեց Հայկ Ա.-ի քրեական հետապնդումը, կարճեց քրեական գործի վարույթը:



