Խազերի վերծանման թեման օրակարգից դուրս չի եկել
ИНТЕРВЬЮ
Մեր հարցերին պատասխանում է երաժշտագետ Մհեր Նավոյանը.
– Պարոն Նավոյան, այսօր կարելի՞ է փակված համարել միջնադարյան երաժշտական խազերի թեման:
– Ոչ, չի կարելի փակված համարել:
– Բայց ասվում է, որ արդեն բացահայտված է դրանց գաղտնիքը: Այդ կարծիքին են որոշ արվեստագետ–հետազոտողներ:
– Դե, եթե նման մարդիկ կան, թող նստեն Մաշտոցի անվան մատենադարանում ու ձեռագրերը վերծանեն: Հարյուրավոր ձեռագրեր կան:
Իսկ իմ կարծիքը հետևյալն է` խազերը բացահայտված չեն: Իհարկե, դա չի նշանակում, թե մենք խազերրի մասին ոչինչ չգիտենք: Գիտենք: Գիտենք նաև այն հետազոտողների աշխատություններից, ում կարծիքով խազերը բացահայտված են: Այդ աշխատությունները ևս որոշ կողմերով լույս են սփռում հարցի վրա: Բայց դա չի նշանակում, որ խազերի պրոբլեմը լուծված է:
Խազերը բարդ համակարգ են` իրենց ենթահամակարգերով: Ենթահամակարգերից մեկի վերաբերյալ Կոմիտասը վաղուց տվել է լուծումը, մյուսի վերաբերյալ թողել է ընդհանուր սկզբունքներ: Իսկ վերջին ենթահամակարգի մասին ոչինչ չենք կարող ասել: Ընդամենը կարող ենք դատել ընդհանուր ինչ–որ սկզբունքների մասին: Դրանք կոչվում են մանրուսման խազեր: Մանրուսումը միջնադարյան երաժշտական բարդ գիտություն էր` առնչակցված այլ գիտելիքների հետ: Այստեղ օգտագործված է ամենաբարդ սիստեմը: Եվ որևէ մեկը այն չի վերծանել:
Նույնիսկ շարականի խազերը, որոնք համարվում են միջին բարդության, մինչև վերջ հասկանալի չեն: Ընդամենը կարող ենք խոսել տասը և քիչ ավելի խազերի մասին: Այն էլ` Կոմիտասի նշումների հիման վրա:
– Իսկ այսօր աշխատողներ կա՞ն այս հարցերի վրա:
– Ուղիղ խազաբանությամբ այս պահին զբաղվող չկա: Բայց դա չի նշանակում, թե խազերի հիմնահարցը փակված է: Աշխատող կա առնչակից հիմնահարցերի վրա: Իսկ իրողությունը հետևյալն է. եթե այդ առնչակից հարցերը` զուտ երաժշտատեսական բնույթի, լուծված չլինեն, խազագետը ով էլ լինի, լուծում չի կարող ապահովել:
– Իսկ որո՞նք են առնչակից այդ հարցերը:
– Դրանք վերաբերում են երաժշտական մտածողության տեսական հիմքերին, դրանց օրինաչափություններին, հոգևոր երաժշտության բնագավառում վերջիններիս արտացոլման ձևերին: Ի վերջո, տեսական համակարգը մինչև չկանոնակարգվի, ոչնչի հնարավոր չէ հասնել:
Օրինակի համար. ի՞նչ եք կարծում` Մաշտոցը հնարավորություն կունենա՞ր այբուբեն ստեղծել, եթե իր ձեռքի տակ չունենար հայոց լեզվի ամբողջ հնչական սիստեմը: Ավելին ասեմ` նրա աշխատանքի տիտանական բնագավառը ամենայն հավանականությամբ հենց այս հարցերի` լեզվի հնչական սիստեմը կարգավորելն ու կանոնակարգելն էր և ոչ գիծ գծելը: Թող ներվի ինձ այսպես արտահայտվելու համար: Այսինքն` այբուբենը հայ ժողովրդի լեզվամտածողական համակարգի որոշակի կարգաբերման արդյունք էր:
Նույնն էլ` խազի վերաբերյալ: Մինչև խազի պատկերը հասկանալը, պետք է հասկանալ, թե նրա տակ երաժշտական ի՞նչ արժեք կա: Նաև` թե այդ երաժշտական արժեքը ո՞ր օրինաչափությունից է բխում, այդ օրինաչափությունը հայ ժողովրդի երաժշտական մշակույթում ընդհանրակա՞ն է, թե դետալային:
– Իսկ խազերի վերծանումը մեծ հաշվով ի՞նչ կտա մեզ:
– Գուշակության պես մի բան կստացվեր, եթե ես ձեզ ինչ–որ բան ասեի: Ընդհանուր օրինաչափությունների տեսանկյունից մեզ հայտնի է, թե իրենից ինչ է ներկայացնում հոգևոր երաժշտությունը: Այս տեսակետից խազերի բացահայտումը ոչինչ չի տա:
Բայց սեղանին կդրվեն բազմաթիվ ու բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք այսօր համր են մեզ համար: Ավելին` նաև եղածները կշգրտվեն: Նաև շատ ավելի բարձր գիտական ճշգրտությամբ կարող ենք խոսել միջնադարյան մեր մշակույթի մասին:
Գոհար Սարդարյան




















































