Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասել է 119-ի
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանի քաղաքացիական հասարակության աշխատանքային խումբը հրապարակել է Ադրբեջանում քաղաքական հայացքների եւ գործունեության պատճառով ձերբակալված անձանց նոր ցուցակը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական contact.az լրատվական կայքը:
Հրապարակված նոր ցուցակի համաձայն` Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասնում է 119-ի:
Նախորդ ցուցակում քաղբանտարկյալների ընդհանուր թիվը կազմել է 94 մարդ:
Նոր ձերբակալված 25 քաղբանտարկյալներից 24-ը տարբեր մեղադրանքներով ձերբակալվել են` կապված Նարդարանի գործի հետ, իսկ 1-ը` քաղաքական ակտիվիստ է Գյանջայից:
Քաղբանտարկյալների մեջ կան լրագրողներ, գրողներ, հրապարակախոսներ, իրավունքի պաշտպաններ, քաղաքական գործիչներ, երիտասարդ ակտիվիստներ, հավատացյալ ակտիվիստներ եւ այլն:
Աշխատանքային խումբը նշել է, որ քաղբանտարկյալների թիվն, ըստ էության ավելի մեծ է քան ներկայացված է պաշտոնական տվյալներում:
Ադրբեջանը Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից հրապարակված մարդու եւ մամուլի ազատության վերաբերյալ զեկույցում ամենաանազատ երկրների շարքում է:
Ադրբեջանի ոստիկանությունը եւ անվտանգության ուժերը հետեւողականորեն շարունակում են օգտագործել բոլոր միջոցները՝ հետապնդելու իշխանություններին քննադատող անձանց: Այս նպատակով Ադրբեջանում լայնորեն կիրառվում է շանտաժը, անձնական կյանքի վերաբերյալ տեսանյութերի հրապարակումը, նրանց դեմ ուղղված հարկերից խուսափելու, թմրամոլության եւ խուլիգանության մեղադրանքները:
			
			
			
			
			
				
			
			
			


