Կաստրոյի՝ ԱՄՆ փախած քույրը չի մասնակցի նրա հուղարկավորությանը
МЕЖДУНАРОДНОЕԿուբայի հեղափոխության առաջնորդ, երկրի նախկին ղեկավար Ֆիդել Կաստրոյի կրտսեր քույրը՝ Խուանիտան, ով կոմանդանտեի իշխանության գալուց հետո 1964թ. ԱՄՆ է փախել, հայտնել է, որ չի մասնակցելու եղբոր հուղարկավորության արարողությանը:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, լեգենդար հեղափոխականի քույրն այս մասին ասել է Miami Herald-ին տված հարցազրույցում:
«Ուզում եմ հստակեցնել, որ ես երբեք չեմ վերադարձել կղզի և, որ իմ ծրագրերում նման միտք չկա»,- ընդգծել է Խուանիտա Կաստրոն՝ հավելելով, որ հասկանում է այն կուբացիների զգացումները, որոնք ստիպված են եղել 51 տարի ապրել որպես վտարանդի, լքել են հայրենիքն ու այլ երկրներում շարունակել ազատության համար իրենց պայքարը:
Մայամիում բնակվող կինը նկատել է, որ երբևէ չի փոխել իր դիրքորոշումը՝ չնայած, որ ստիպված է եղել հեռանալու համար մեծ գին վճարել:
Խուանիտա Կաստրոն պատմել է, որ, Կուբայից հեռանալով, կորցրել է հարազատների աջակցությունը, մինչդեռ ԱՄՆ-ում ստիպված է եղել բախվել համերկրացիների բացասական վերաբերմունքին՝ Ֆիդելի Կաստրոյի քույրը լինելու պատճառով:
Միևնույն ժամանակ կինը խոստովանել է, որ եղբոր մահվան բոթը ստանալուց հետո մեծ ցավ է ապրել: Նա նաև հույս է հայտնել, որ կոմանդանտեի մահը թույլ կտա կուբացիներին հասնել ազգային համախմբման:
Նշենք, 90-ամյա Կաստրոն մահացել է նոյեմբերի 25-ին: Նրա հուղարկավորությունը կայանալու է դեկտեմբերի 4-ին:
Կաստրոյի մահվան լուրին արձագանքել են գրեթե բոլոր համաշխարհային առաջնորդները՝ այդ թվում նաև ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման:



