Եթե վարչապետին «չքցեն», բոլորս կապրենք Հ1–ով ցուցադրվող Հայաստանում
ПОЛИТИКАԵրկու օր առաջ հայտնի դարձավ, որ երկրի նախագահից ավելի բարձր վարկանիշ ունեցող նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կանդամակցի ՀՀԿ–ին: Քայլը թեև կանխատեսելի էր, սակայն դժվար էր պատկերացնել, որ այն այսքան շուտ տեղի կունենար:
«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանի կարծիքով՝ եթե նոր վարչապետը չանդամակցեր ՀՀԿ–ին, իշխանությունը կբաժանվեր երկու բևեռի, իսկ այս քայլով ունենում ենք մեկ քաղաքական ազդեցիկ կենտրոն, որը մի կողմից ավելի գերհզոր կդառնա, մյուս կողմից` կփրկի ՀՀԿ–ի վարկանիշը:
«Այս քայլով թեև Կ. Կարապետյանը կկորցնի իր վարկանիշը, բայց մյուս կողմից` ՀՀԿ–ն այն ձեռք կբերի, և միասին կդառնան գերազդեցիկ ուժ»,– կարծում է Ա. Ադիբեկյանը:
Հասարակական–քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանն էլ չի կարծում, որ Կարեն Կարապետյանի կամ իր թիմի համար ՀՀԿ–դառնալը վաղուցվա երազանք է, բայց կարծում է, որ այն շատ ճիշտ տակտիկական քայլ էր հետագայի համար: «Տակտիկական քայլը, սակայն, կարելի կլինի հաջողված համարել, եթե հետագայում Կ.Կարապետյանին էլ չխաբեն, կամ «չքցեն»»,– ասում է Գ. Եղիազարյանը: Ու թեև նա գիտի, որ ՀՀԿ «յուրայինները» նոր վարչապետին ոչ միայն խանգարելու են, այլ ամեն կերպ փորձելու են տապալել նրա ծրագրերը, բայց այն որ ժողովուրդը հավատում է Կ. Կարապետյանին` արդեն կարելի է գրանցված փաստ համարել:
«ՀՀԿ–ն աստիճանաբար մարդկային կերպար ձեռք կբերի, դեմքով շուռ կգա դեպի ժողովուրդը և մարդիկ այդ աստիճանի ատելությամբ չեն լցվի նրանց հանդեպ: Այսինքն, ՀՀԿ–ն շահեց, իսկ Կ. Կարապետյանը կորցրեց, քանի որ այսօր ՀՀԿ–ական լինել նշանակում է անցնել վախի սահմանով»,– ասում է Եղիազարյանը:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով` եթե նոր վարչապետին հաջողվի կառավարության նման կուսակցությունում էլ նման «չիստկա անել», այդ դեպքում միայն մարդիկ կհավատան, որ ՀՀԿ–ն ուզում է փոխվել, ինչի մասին որ ասում է Կ.Կարապետյանը:
«Կարապետյանը իհարկե կկորցնի իր վարկանիշը, բայց կշահի այն քաղաքական պլատֆորմը, ինչի մասին նա շատ ազնվորեն ասել էր իր յոթկետանոց մեկնաբանությունում: Վարչապետն առայժմ տնտեսական գործիչ էր և ոչ թե քաղաքական: Ուստի ժամանակը ցույց կտա ճիշտ էր քայլը, թե ոչ, բայց որպեսզի նա կարողանար նաև շարունակել գործել, պետք էր քաղաքական հենարան ունենար: Հանրապետականում դեռ կլինեն գզվռտոցներ, բայց ամեն ինչից առաջ այս քայլը հաշվարկով ամուսնություն էր»,– ասաց Կ. Քոչարյանը:
Խոսելով վարչապետի բարձր վարկանիշի մասին Ա. Ադիբեկյանն ասաց, որ դա խոսում է այն մասին, որ մենք գտնվում ենք շատ խորը ճգնաժամային իրավիճակում, իսկ ներկայի վարչապետը հանդես է գալիս Մովսեսի դերում, ով եկել է հայ ժողովրդին հանելու այս ծանր իրավիճակից:
«Սա հուսալքման կամ կործանումից փրկվելու սինդրոմ է»,– ասում է Ա. Ադիբեկյանը:
Ու չնայած ողջ հայ ժողովուրդն ուզում է ապրել այն Հայաստանում, որը ցուցադրվում է Հանրային հեռուստաընկերությամբ, սակայն դրա համար բոլորի ջանքերը միավորելը դեռ բավարար չէ:
«Տա Աստված, որ այնպես, ինչպես խաբել են բոլորին, այս անգամ չխաբեն: Իսկ ո՞վ էր խանգարում նախորդ վարչապետ Հ. Աբրահամյանին: Միմիայն իշխանությունն ու ՀՀԿ–ն, քանի որ նրանք էին կազմակերպում տարբեր տեսակի լոկալ ապստամբություններ վարչապետի դեմ»,– ասաց Գ. Եղիազարյանը:
ՆԱՐԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ



