Արցախին պետք է թե՛ դրամական, թե՛ քաղաքական աջակցություն. Արման Վարդանյան
ОБЩЕСТВОԱյսօր` նոյեմբերի 26-ին, «Միասնություն» համազգային շարժումը կազմակերպել էր քննարկում՝ «Արցախյան հիմնախնդիր. համազգային տեսլականներ» թեմայով:
Այս մասին հայտնում է Past.am-ը:
Իր բացման խոսքում «Միասնություն» համազգային շարժման խորհրդի անդամ, քաղաքագետ Խաչիկ Գալստյանն ընդգծեց, որ նպատակ ունեն ձևավորել համազգային միասնական տեսլական, որպեսզի յուրաքանչյուր հայի համար արցախյան հիմնահարցի լուծման տեսլականը հնարավորինս լինի միանշանակ: Այսօր, ըստ նրա, դա չունենք:
«Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանն էլ նշեց. «Երբ մենք խոսում ենք հայրենիքի մասին, մենք հավասարապես խոսում ենք թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի մասին: Այսօր ունենք երկու հայկական պետություն, բայց պետք է անենք ամեն ինչ, որ այդ պետությունները միավորվեն և մենք ունենանք մեկ միասնական Հայաստան:
Ըստ իմ թիմակիցների և ըստ իս՝ Արցախը պետք է Հայաստանի լիարժեք մաս կազմի և օգտվի այն արտոնություններից, իրավունքներից և միջազգային ակտերից, որոնցից օգտվում է Հայաստանը: Ամբողջ աշխարհը խոսում է քաղաքակրթությունից, պրոգրեսից, բայց այսօր Արցախը դուրս է բոլոր պրոցեսներից՝ թե՛ կրթական, թե՛ սոցիալական առումներով»: Արման Վարդանյանի խոսքով՝ Արցախին պետք է թե՛ դրամական, թե՛ քաղաքական աջակցություն:
Ըստ Վարդանյանի՝ շարժումն այդ հարցի շուրջ մեծ մտահոգություն ունի, շարժման անդամները այն համոզմունքն ունեն, որ Արցախի և Հայաստանի միավորմանն այլընտրանք չկա:
Լևոն Փանոսյան



