Արթիկի քարքարոտ բակերում երեխաները վնասվածքներ են ստանում
ОБЩЕСТВОՇիրակի մարզի Արթիկ քաղաքը բոլորին հայտնի է տուֆի ժամանակին ունեցած մեծ պաշարներով, որոնք արտահանվում էին ԽՍՀՄ ամբողջ տարածքով: Սակայն Արթիկն այսօր Հայաստանի փոքր քաղաքներից մեկն է՝ նմանատիպ քաղաքներին հատուկ բոլոր խնդիրներով:
Մոտ 15.000 բնակչություն ունեցող քաղաքի գրեթե ոչ մի թաղամասում երեխաների համար խաղահրապարակներ կամ գոնե խաղալու համար հարմարեցված տարածքներ չկան: Past.am-ը զրուցեցինք Արթիկի բնակիչների հետ:
-Չէ, մեզ մոտ ոչ մի խաղահրապարակ էլ չկա, աղջիկ ջան, մարդիկ իրենց բակերն ամբողջությամբ հողամասեր են սարքում, որ հողից գոնե սնունդ ստանան:
-Իսկ երբևէ դիմե՞լ եք Տեղական ինքնակառավարման մարմիններին՝ խնդիրը լուծելու համար:
-Ինչքան էլ դիմենք, իրենցից էն կողմ ոչ մեկին չեն տեսնում, ոչ մեկը տիրություն չի անում: Շատ են լինում դեպքեր, որ երեխաներն ընկնում, ոտքերը վնասում են, միշտ էլ արյունոտ ոտքերով գալիս են տուն, բայց ոչ մեկը տեր չի կանգնում, բոլորը բոստաններ են դրել: Երևանում, Գյումրիում կան, բայց մեզ մոտ ոչ մի հարմարություն էլ չկա:
-Իսկ քաղաքի կենտրոնում կա՞ն ատրակցիոններ երեխաների համար:
-Մի հատ այգի ունենք, էն էլ գումար պիտի լինի, որ երեխեքը գնան կարուսելներից օգտվեն: Ո՞ր էրեխեն չի ուզի գնա, կարուսելներից օգտվի, բայց ծնողները հնարավորություն չունեն:
Երեխաները նշեցին, որ իրենք խաղում են մոտակա դպրոցի սպորտդաշտում, բայց ասֆալտն ամբողջությամբ քանդված է, և ֆուտբոլ խաղալ չեն կարողանում: Նրանցից մեկը, ով ոտքը վնասել էր իրենց տնամերձ տարածքում խաղալիս, մեզ հետ զրույցում նշեց.
-Կուզեի, որ կանաչ տարածք լիներ, կարուսելներ լինեին երեխաների համար, մենք էս փոքր տարածքում ենք խաղում, բայց հող է, ընկնում, ոտքերս ճղում ենք: Քաղաքի մեջ մեր խաղալու համար հարմար տեղեր էլ չկան:
Քաղաքում վերջերս տեղադրված ատրակցիոնները, երեխաների քանակին չդիմանալով, շրջվել էին և դարձել ոչ պիտանի օգտագործման համար:
Արուսիկ Տիգրանյան
X



