Կհամագործակցեն Գեղարքունիքի մարզի եւ մայրաքաղաքի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնները
ОБЩЕСТВОԳավառ քաղաքի բժշկական կենտրոնում Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության նախաձեռնությամբ հանդիպում կազմակերպվեց Գեղարքունիքի մարզի բուժհաստատությունների, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբույժների եւ Երեւանի պետական բժշկական համալսարանի դասախոսների մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը, հանդիպման նպատակն էր համագործակցության հիմք դնել մարզի եւ մայրաքաղաքի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնների միջև եւ ապահովել փորձի փոխանակում նշված կառույցների վիրաբույժների համար:
Հանդիպման ընթացքում հյուրերը դասախոսությունների եւ տեսանյութերի միջոցով մարզի վիրաբույժներին ներկայացրին ոլորտի նորամուծություններն ու փոփոխությունները, որոնք շատ կարեւոր են եւ անհրաժեշտ մարզի բուժաշխատողներին՝ զարգացնելու իրենց մասնագիտական գիտելիքները եւ դրանք պրակտիկայում կիրառելու համար: «Մենք տեսնում ենք այս համագործակցությունը երկուստեք: Եվ մայրաքաղաքից մարզ ժամանած մասնագետները կարող են նման հանդիպումների ընթացքում մարզի վիրաբույժների հետ քննարկումների միջոցով որոշել ինչ-որ հարց՝ կապված հիվանդի բուժման հետ, եւ մարզի բժիշկները կարող են հնարավորության դեպքում այցելել մայրաքաղաքի բազմապրոֆիլ վիրաբուժական կենտրոններ եւ քննարկել իրենց հուզող հարցերը, ծանոթանալ բազմապրոֆիլ վիրաբուժական կենտրոնի աշխատանքներին ինչպես մեր կլինիկայում, այնպես էլ տարբեր կլինիկական կենտրոններում, որպեսզի կողմնորոշվեն, թե ինչ կարող են վերցնել մարզի բուժաշխատողները եւ ներդնել իրենց աշխատանքներում»- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, ԵՊՀ վիրաբուժության ամբիոնի վարիչ Սուրեն Ստեփանյանը: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին դասախոսություններ գործիքային եւ լապորասկոպիկ վիրահատությունների, լապորասկոպիայի միջոցով ախտորոշումներ կատարելու եւ այլ թեմաների վերաբերյալ: «Այս հանդիպումները լինելու են շարունակական: Մենք աշխատում ենք բոլոր ժամանակակից, արդիականացված բժշկական կենտրոնների հետ, որպեսզի վերցնենք բոլոր կենտրոնների փորձը եւ տեղայնացնենք մարզի համար»,- նշեց Անուշ Պողոսյանը:



