Արյան գնով էլ լինի` փոփոխություններ կանեն. հակառակ դեպքում կգան նոր և ավելի ուժեղ «Սասնա ծռեր»
ИНТЕРВЬЮ
Past.am-ի հյուրն է հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը:
– Վարչապետի, կառավարության կողմից կատարվող քայլերը մարդկանց մեջ որոշակի հույս են արթնացրել: Այդ հույսը հիմնավո՞ր է, թե մարդիկ պարզապես հավատալու կարիք ունեն:
– Փոփոխությունները միշտ էլ եղել են, բայց դրական նման արձագանք չի եղել: Այս անգամ իսկապես դրական տեղաշարժերի հույս կա: Փոփոխությունների բնույթը, մարդիկ, ովքեր պաշտոնանկ են արվում, մարդիկ, ովքեր նշանակվում են, այս ամենը ժողովրդին հուշում է, որ կարևոր բան է տեղի ունենում: Ժողովուրդը դա զգում է ինտուիտիվ կերպով: Ու չափազանց մեծ ուշադրությամբ հետևում է վարչապետի ցանկացած քայլի, նույնիսկ եթե դա, օրինակ, փոխնախարարի փոփոխություն է:
Իհարկե, չեմ կարծում, թե կատարվող քայլերը մեծամասշտաբ փոփոխությունների կբերեն, որովհետև այդ դեպքում պետք է համակարգը փոխվի: Բայց դրական տեղաշարժեր հաստատ կլինեն: Դրանց պահանջը վաղուց է հասունացել: Այն աստիճան, որ դրանց բացակայությունը կարող է հանգեցնել հեղափոխության: Նորից կառաջանա բունտի տրամադրություն, նոր «Սասնա ծռեր» կգան, լարվածություն կառաջանա, ու այս անգամ` շատ ավելի հզոր: Իշխանությունն էլ է դա զգում: Ուստի արյան գնով էլ լինի` փոփոխություններ կանեն:
– Եթե փոփոխությունների այս ռիթմը պահպանվի, ընդհանուր առմամբ հասարակական ընկալումներում կամ գուցե նաև վարքում փոփոխություններ հնարավո՞ր են:
– Բնականաբար, այս ամենի արդյունքում մարդկանց մեջ կարող են տեղի ունենալ հոգեբանական փոփոխություններ: Որոշակի չափով վստահություն արդեն կա, հիմա մարդիկ սպասում են կոնկրետ գործողությունների, որոնք կբերեն կոնկրետ արդյունքների` տնտեսական վիճակի բարելավում, եկամուտների ավելացում: Այս ամենն իրական է, եթե չլինի պատերազմ: Այդ դեպքում ամեն ինչ կարող է վայրկենապես փլուզվել:
– Վերջին շրջանում նշվում էր, որ հասարակության գլխավոր խնդիրը հուսահատությունն է, մարդիկ վաղվա օրվա հետ հույս չեն կապում: Փաստորեն այս վիճակն սկսում է փոխվել:
– Ճիշտ եք, նախքան այս վարչապետի նշանակումը կատարյալ հուսահատություն էր: Հիմա հուսահատության փոխարեն թեթև հույս և անորոշություն է: Իսկ անորոշության պատճառը մեր մեջ նստած այնքան մեծ կասկածն ու հավատի բացակայությունն են:
– Ի դեպ, մարդկանց մի մասը կասկածում է, որ այս փոփոխությունները նախընտրական են:
– Առաջիկայում ընտրություններ են: Եվ իհարկե, այդ գործոնը չի կարող դեր չունենալ: Դրանց ընդառաջ` իշխանությունները փորձում են փոխել իրավիճակը: Բայց չեմ կարծում, թե կոնկրետ ՀՀԿ–ի նկատմամբ վերաբերմունքը կփոխվի, հանկարծ ժողովուրդը կասի` վայ, ՀՀԿ–ն լավացել է:
– Պատճառը դա՞ է, որ Կարեն Կարապետյանը չի շտապում ՀՀԿ–ական դառնալ:
– Գուցե իրեն չեն շտապեցնում: Ասում են` արդյունքներ ցույց տուր: Հենց արդյունքներ լինեն, որպես դրական կերպար կանցնի կուսակցության շարքերը: Իսկ հիմա անորոշություն է:
Արփի Սահակյան





















































1
Да, Самвел Карапетян - политический заключённый։ будущий президент Армении Самвел Карапетян должен б...
2
Доннарумма договорился с «Манчестер Сити»
3
Сотрудничество стран ЕАЭС в сфере туризма может стать катализатором экономического роста — Лусине Ба...
4
Соловьев пригрозил Азербайджану специальной военной операцией
5
В Арташате найдена древнейшая церковь Армении