Թուրքիայի իշխող կուսակցությունը չի ցանկանում հրաժարվել սեռական բռնության մասին օրենքում իր առաջարկից
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հայտարարել է, որ չի պատրաստվում հետ քայլ անել սեռական բռնության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին իր առաջարկից: Վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս մասին տեղեկացնում է կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մուստաֆա Էլիթաշը:
Նա նշել է, որ առաջարկն իրենից սեռական բռնության համաներում չի ենթադրում:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն առաջարկել է փոփոխություն մտցնել քրեական օրենսգրքում, համաձայն որի անչափահասի նկատմամբ սեռական բռնության ենթարկած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից տուժած կողմի հետ ամուսնանալու պարագայում: Փոփոխությունն առաջին քվեարկությամբ չի անցել: Այն երկրորդ անգամ քվեարկության կդրվի նոյեմբերի 22-ին:
Երկրի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական և «Ազգայնական շարժում» կուսակցությունները դեմ են արտահայտվել փոփոխությանը: Սոցցանցերի օգտարերերը ևս իրենց զայրույթն են հայտնել նոր փոփոխության առաջարկի առնչությամբ: Այն կանխելու նպատակով անգամ Change.org-ում ստորագրահավաք է սկսվել:
Թուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը հայտարարել է, որ պատրաստ է դիմել Սահմանադրական դատարանը, եթե իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) չհրաժարվի սեռական բռնության մասին օրենքում ներկայացրած փոփոխություններից:
			
			
			
			
			
				
			
			
			


