Մեզ մեծ փոփոխություններ են սպասվում 2020-ականների կեսերին՝ ԽՍՀՄ-ում մեծացած մարդկանց փոփոխություն. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը ТАСС-ին
ИНТЕРВЬЮ
Tert.am-ը գրում է.
21-րդ դարում տեղեկատվական հասարակության գլխավոր ակտիվը մարդիկ են, նրա համար է ընթանալու պայքարը, այդ պատճառով կրթությունը չափազանց կարևոր է։ Այդ մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է ռուսաստանաբնակ հայտնի գործարար և բարերար, «Սկոլկովո» մոսկովյան կառավարման դպրոցի համահիմնադիր, UWC Dilijan College-ի հիմնադիր-գործընկեր Ռուբեն Վարդանյանը՝ խոսելով «Սկոլկովո» բիզնես դպրոցի և Դիլիջանում UWC դպրոցի նախագծերի մասին:
«Ռուսաստանը 1990-ականներին կորցրեց ոչ միայն երկրից դուրս հանված մի քանի հարյուր միլիարդ դոլար: Ամենավատն այն է, որ այստեղից հեռացան տրիլիոն դոլարի ուղեղներ, արտագաղթեցին Իսրայել, ԱՄՆ, Եվրոպա, Հարավային Կորեա… Հնարավոր է՝ դա է ամենասարսափելի աղետը: Վերջին հաշվով, կրեատիվ մարդկանց 3-5 տոկոսն է առաջընթացի շարժիչը: Նրանց համար էլ ընթանում է ամենալուրջ պայքարը»,-ասել է է Ռուբեն Վարդանյանը:
Նա հույս է հայտնել, որ հաջորդ Իլոն Մասկի նման անհատը չի հեռանա Ռուսաստանից, այլ կժամանի Ռուսաստան՝ Ամերիկայի փոխարեն: «Միայն հավատալ և աղոթելը քիչ է, պետք է նաև ինչ-որ բան անել: Գիտեք, ինչպես անեկդոտում՝ «Գոնե վիճակախաղի տոմս գնիր…»: Հարկավոր է անպայման փորձել, չվախենալ սխալվել և հավատալ, որ ամեն ինչ կստացվի»,- ասել է նա:
Ռուբեն Վարդանյանը նշել է, որ բոլորը տեսնում են, թե ինչքան երեխաներ են մեկնում սովորելու Արևմուտք, իսկ իրենց նախագծերն այն մասին են, որ նաև հետխորհրդային տարածքում կարելի է ստեղծել մրցունակ ուսումնական հաստատություններ:
«Մենք ելնում ենք նրանից, որ գոյություն ունի կրթության նոր ձևաչափի պահանջարկ»,- ասել է գործարարը՝ նշելով, որ, միևնույն ժամանակ, նրանք փորձում են երեխաներին ժամանակակից աշխարհի համար այնպիսի կարևոր որակներ փոխանցել, ինչպիսիք են նոր իրականություններին հարմարվելու, ճկուն և արագ փոփոխվելու, այլ մշակույթները հասկանալու և ընդունելու ունակությունները:
«Դիլիջանի մեր դպրոցում սովորում է աշխարհի 72 երկրից երեխա: Ոչ թե տեղի հայեր կամ սփյուռք, այլ ամերիկացիներ, եվրոպացիներ, ավստրալացիներ, Ասիայի և Աֆրիկայի երկրների բնակիչներ… Եվ «Սկոլկովո»-ն մենք գործընկերների հետ ստեղծել ենք որպես բիզնես դպրոց, ուր պետք է ժամանեին օտարերկրացիներ: Մենք հպարտ ենք նաև, որ UWC Dilijan դպրոցի նախագիծը ստացել է միջազգային ճարտարապետական մրցանակներ՝ որպես Եվրոպայում լավագույն հանրային շենք և որպես միտում հաղորդող ճարտարապետություն, ինչպես նաև դարձել է Հայաստանում առաջին նախագիծը՝ հավաստագրված BREEAM կանաչ ստանդարտներով»,- ասել է գործարարը:
Ռուբեն Վարդանյանը պատմել է, որ իրեն հաճախ էին հարցնում, թե ինչու է դպրոց ստեղծում, ինչին նա պատասխանել է, որ ցանկանում է՝ ընտրություն հայտնվի, այդ թվում և իր երեխաների մոտ: «Նախկինում այստեղ այլընտրանք չկար, այժմ կա»,- ասել է նա:
«Ամենամեծ ճոխությունը և ամենամեծ պատասխանատվությունն ընտրության իրավունքն է: Հաճախ մարդիկ վախենում և փախչում են դրանից: Ցանկալի է, որ մեր փոխարեն մեկը կայացնի որոշում, իսկ մենք հետո կարողանանք ասել՝ մենք չենք մեղավոր: Այդ պատճառով ընտրության իրավունքն ամենակարևորն է»,- ասել է գործարարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:




















































