Երբ դուռը բացում եմ ու տեսնում եմ ինձ անհամբեր սպասող տղայիս ու աղջկաս, ինձ աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ զգում. Սուրեն Առուստամյան
ЛАЙФLife.panorama.am-ի հետ զրույցում դերասան Սուրեն Առուստամյանը պատմել է «Ազիզյաններ» սիթքոմում նկարահանվելու, ծրագրերի ու ընտանիքի մասին:
««Ազիզյաններում» ներկայանալու համագործակցության առաջարկը ստացել եմ «Կարգին փրոդաքշենի» կողմից: Բնականաբար, շատ հաճելի է աշխատել պրոֆեսիոնալ թիմում, ի դեպ` շնորհակալ եմ Արման Մարությանին, ով վստահեց ինձ այս դերը. կերպարս ռեժիսորի ու դերասանի համատեղ աշխատանքի շնորհիվ գույներ ստացավ: Դերը մարմնավորելիս` շատ են օգնում նաեւ խաղընկերներիդ պրոֆեսիոնալիզմը: Իմ անմիջական խաղընկերը Հայկ Մարությանն է, իսկ դա նշանակում է` նկարահանման հրապարակում մենակ չես. որպես դերասան` բախտս բերել է»,- պատմեց Սուրենն ու շարունակեց.
«Քանի որ սիթքոմ ժանրն ինձ համար նորություն էր, այս ժանրում ինտեգրվել ինձ օգնեցին Մարության եղբայրները: Հեռուստադիտողի արձագանքից հասկացա նաեւ, որ ճիշտ ուղու վրա եմ կերպարիս ներկայացման առումով»:
Սուրեն Առուստամյանը ներկա պահին զբաղված է ոչ միայն սիթքոմով.
«Հիմա նկարահանվում եմ նաեւ «Մեզրամիս» հեռուստասերիալում, ինչպես նաեւ դասավանդում եմ «Մշակույթի պետական քոլեջում» եւ Զարուհի Բաբայանի երգի ստուդիայում»,- նկատեց նա:
Խոսելով ընտանիքին անհրաժեշտ ժամանակ հատկացնելու մասին` դերասանը ընդգծեց.
«Ինչքան էլ օրս ծանրաբեռնված լինի աշխատանքով, միեւնույն է, չեմ հոգնում, քանի որ ես իմ աշխատանքից հաճույք եմ ստանում: Ծանրաբեռնված աշխատանքից հետո միանգամից տուն եմ գնում, որովհետեւ, երբ դուռը բացում եմ ու տեսնում եմ ինձ անհամբեր սպասող տղայիս ու աղջկաս, ինձ աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ զգում: Կիրակիներս փորձում եմ ամբողջությամբ տրամադրել ընտանիքիս»:
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան



