Խորհրդարանում մինչ օրս չի քննարկվել տարիներ առաջ Սփյուռքի նախարարության մշակած «Հայրենադարձության մասին օրենքի նախագիծը»
ИНТЕРВЬЮ
Past.am-ի զրուցակիցն է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի ղեկավար Վարդան Մարաշլյանը
– Պարոն Մարաշլյան, հայրենադարձությանը նպաստող միջավայրի ստեղծման խնդիր ունե՞նք Հայաստանում:
– Հայրենադարձությանը նպաստող միջավայրի ստեղծման խնդիր ունենք ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում: Հայաստանի իշխանությունները, ընդդիմությունը և սփյուռքյան կազմակերպությունները իրենց ծրագրերում չունեն հայրենադարձությունը որպես օրակարգային հարց: Իհարկե, դրական միտումներ կան, սկսում են հասկանալ, թե որքան կարևոր է հայրենադարձության խնդիրը թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի համար: Սփյուռքի նախարարությունը տարիներ առաջ մշակել էր «Հայրենադարձության մասին օրենքի նախագիծը», որը մինչ օրս չի քննարկվել խորհրդարանում: Նախևառաջ պետք է սկսել հայրենադարձի կարգավիճակ ունենալուց: Հայաստանն ունի շատ կարևոր երկքաղաքացիության համակարգ, բայց այն ուղղակի կապ չունի հայրենադարձության հետ: Կարգավիճակ չունենալու պատճառով մենք հստակ պատկերացում չունենք, թե ով է հայրենադարձը, չկա վերլուծություն, թե քանիսն են Հայաստան եկել, քանիսը՝ գնացել Հայաստանից: Մեր երկիրը չունի մասսայական հայրենադարձության համար հնարավորություններ: Պետք է ստեղծվի մի համակարգ, որը հայրենադարձներին կօգնի ավելի հեշտ ինտեգրվել Հայաստանի օրենքներին և միջավայրին: Շատ ողջունելի է, որ նոր ձևավորված կառավարությունը մեզ հետ բանակցությունների մեջ է, մեր մի քանի առաջարկություններ արդեն ընդգրկվել են կառավարության նոր ծրագրի մեջ: Դրանցից մեկը անձնական իրերի տեղափոխման կարգի հարցն է, որն այսօրվա դրությամբ խայտառակ վիճակում է, և լուրջ խնդիրներ է ստեղծում այն մարդկանց համար, ովքեր ուզում են տեղափոխվել Հայաստան:
– Տարվա ընթացքում քանի՞սն են դիմում ձեզ Հայաստան վերադառնալու նպատակով: Ի՞նչ պատկեր ունենք այս տարի՝ հաշվի առնելով մասնավորապես ապրիլյան պատերազմն ու հուլիսյան դեպքերը:
– Այս տարի շատ բարդ տարի էր, քանի որ երեք շատ դրամատիկ իրադարձություն տեղի ունեցավ. ապրիլյան պատերազմ, հուլիսյան դեպքեր և կառավարության փոփոխություն: Ընդհանուր առմամբ, մեզ մոտ հետաքրքիր իրավիճակ ստեղծվեց, մարդկանց մի զանգված հետաձգեց Հայաստան վերադառնալու իր պլանները՝ հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը, մի հայրենասեր զանգված էլ համարեց, որ ճիշտը մնալն է: Մենք տարեկան աշխատում ենք մոտավորապես 500 հայրենադարձի հետ, նրանց մի մասն արդեն ֆիզիկապես գտնվում է Հայաստանում և ունի ինտեգրման խնդիրներ, մի մասն էլ գտնվում է դրսում: Ոչ ուղղակի տվյալներով՝ տարեկան 1000–1500 հայ է տեղափոխվում Հայաստան բնակության:
– Հուլիսյան դեպքերին ինչպե՞ս արձագանքեցին այդ օրերին Հայաստանում գտնվող Սփյուռքի մեր հայրենակիցները:
– Հայրենադարձների մի մասը կողմ էր Սասնա ծռերի գործողություններին, նույնիսկ պատրաստ եղան մասնակցել, մի մասն էլ դեմ էր, որ արյուն թափվի՝ հասկանալով հանդերձ, որ պահը հասունացել է և անխուսափելի է: Պետք է ասել, որ որևէ հայրենադարձ այդ օրերին անտարբեր չմնաց ստեղծված իրավիճակին:
– Սիրիայից դեպի Հայաստան հայրենադարձների հոսքը շարունակվո՞ւմ է:
– Այս պահի դրությամբ Հայաստանում գտնվում է մոտ 17000 սիրիահայ, որոնք Հայաստան են եկել վերջին 4 տարիների ընթացքում: Տարեկան 500–ից 1000 մարդ ավելանում է Սիրիայից:
Լիլիթ Վահանյան





















































1
Да, Самвел Карапетян - политический заключённый։ будущий президент Армении Самвел Карапетян должен б...
2
Доннарумма договорился с «Манчестер Сити»
3
Сотрудничество стран ЕАЭС в сфере туризма может стать катализатором экономического роста — Лусине Ба...
4
Соловьев пригрозил Азербайджану специальной военной операцией
5
В Арташате найдена древнейшая церковь Армении