Արթուր Հայրապետյանը՝ «Սարդոստայնի», ստեղծագործական ջանքերի և կառավարությանը վստահել-չվստահելու մասին
ПОЛИТИКА
Գրող, լրագրող Արթուր Հայրապետյանի երկու տարվա ստեղծագործական աշխատանքը տվեց իր պտուղը: Երևանի ակումբներից մեկում երեկ տեղի ունեցավ նրա «Սարդոստայն» գրքի շնորհանդեսը:
«Մի փոքր դանդաղեց, բայց կարծում եմ, որ որակի առումով ամեն ինչ կարգին է»,- Past.am-ի հետ զրույցում նշեց գրողը: Հեղինակը պատմեց, որ գրքում տարբեր պատմություններ են, որոնց հերոսներն ունեն տարբեր բնավորություններ և ճակատագրեր: «Պատմվածքները չունեն մի ուղղություն, դրանք խճճված լաբիրինթոսի պես են, դրա համարը անունը դրեցինք «Սարդոստայն»:
Շատ քիչ պատմություններ կան, որ ինձ հետ կապ ունեն, մեծամասությունը հորինվածք է, բայց դրանք ես անցկացրել եմ իմ ներսով»,- պատմեց Հայրապետյանը: Անդրադառնալով գրքի վաճառքին և ֆինանսական հարցերին՝ Ա. Հայրապետյանն ասաց, որ ամբողջությամբ իր միջոցներով են կատարվել հրատարակման ծախսերը:
Գրողն ընդգծեց, որ գիրք գնելու մշակույթը բարձր մակարդակի վրա չէ: Գրքի գովազդի, շնորհանդեսի կազմակերպան հարցում, ըստ մեր զրուցակցի, մեծ է մեդիայի դերը: Հարցին՝ ի՞նչ սպասելիքներ են առաջացնում նորանշանակ մշակույթի նախարարի հայտարարությունները, թե գրահրատարակչական ոլորտին և գրքի շուկային մեծ ուշադրություն է դարձվելու, Ա. Հայրապետյանը պատասխանեց. «Սպասելիք չունեմ այս իշխանության մեջ գտնվող եկող-գնացող նախարարներից և մյուս պաշտոնյաներից, որովհետև իրենց շահի համար է այդ բոլորը: Ես գիտեմ, որ նախարարն ունի գրատպության հետ կապված բիզեսներ: Փակվեց Հանրապետության հրապարակի տարածքում գտնվող գրախանութը երբ նա նշանակվեց »:
Մեր դիտարկմանը, թե ասում են՝ պարզապես հասցեն է փոխվել, գրողն արձագանքեց. «Օդում շատ բան են ասում, աչքներս չի տեսնում»: Հեղինակը շնորհակալություն հայտնեց գրքի խմբագիր Սեդա Կարապետյանին՝ շեշտելով, որ առանց նրա գրքի տպագրությունն անհնար կլիեր:
Լևոն Փանոսյան




















































