Արցախում զոհված զինվորը ծառայում էր կրտսեր եղբոր հետ, ավագը նույնպես ծառայել է Արցախում. մանրամասներ
ОБЩЕСТВОՆոյեմբերի 13-ին` ժամը 02:15-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Վարդան Առաքելյանը բանակում ծառայում էր կրտսեր եղբոր հետ: Ավագ եղբայրը նույնպես ծառայել է Արցախում:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Արազափ համայնքի ղեկավար Մանվել Հարությունյանը՝ նշելով, որ Վարդան Առաքելյանը իրենց համայնքի բնակիչն էր:
«Երկու եղբայրն էլ ծառայում էին Ջաբրայիլում: Վարդանը միջնեկ եղբայրն էր, թևի կոտրվածքի պատճառով երեք տարի ուշ էր զորակոչվել բանակ և ծառայում էր կրտսեր եղբոր հետ: Արդեն հինգ ամիս է Վարդան Առաքելյանը զորակոչվել էր բանակ, ինչ վերաբերում է կրտսերին, ապա նա երկու ամիս անց պետք է զորացրվի»,- ասաց Հարությունյանը:
Համայնքապետը հայտնեց, որ զինկոմիսարիատից տեղեկացրել են, որ մահվան դեպք է գրանցվել, ինչի մասին արդեն ծնողներին հայտնել են, իսկ Վարդան Առաքելյանի դին արդեն տեղափոխել են Ստեփանակերտ և պատրաստվում են բերել Երևան:
Մանվել Հարությունյանի խոսքով՝ դեպքի մանրամասների մասին իրենց ոչինչ հայտնի չէ. «Սպասում ենք, որ եղբայրը գա և պատմի, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Հիմա ոչինչ չգիտենք»:
Հիշեցնենք, որ այսօր` ժամը 02:15-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Վարդան Հովհաննեսի Առաքելյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Նշենք նաև, որ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նոեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վարդան Առաքելյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։



