Մեծ Բրիտանիան մտադիր է Թրամփին մտափոխել սիրիական խնդրով Մոսկվայի հետ համագործակցելու հարցում
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը առաջիկա երկու ամիսներին կփորձի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին և նրա թիմի անդամներին մտափոխել սիրիական խնդրով Մոսկվայի հետ համագործակցելու հարցում: Մեծ Բրիտանիան կփորձի Թրամփին համոզել շարունակել նախորդ վարչակազմի կուրսը՝ ուղղված Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությանը, հայտնում է բրիտանական Sunday Telegraph թերթը՝ հղում անելով աղբյուրներին ԱԳՆ գրասենյակում:
«Կասկած չկա, որ նա (Թրամփը) (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինին դիտարկում է որպես մարդու, որի հետ կարելի է գործ ունենալ: Բայց երբ նա հասկանա, որ Պուտինը ողջամիտ և շրջահայաց գործընկեր չէ, կարող է փոխել իր կարծիքը: Նրան (Թրամփին) ժամանակ է պետք լրջանալու համար»,- պարբերականին ասել է աղբյուրը Միացյալ Թագավորության ԱԳՆ-ում: Նրա խոսքով՝ ԱԳՆ-ում կարծում են, որ դիրքորոշման փոփոխություն կարող է լինել երկու ղեկավարների հանդիպումից հետո:
Պարբերականի տեղեկությամբ՝ ՌԴ-ի նկատմամբ Թրամփի դիրքորոշումը փոխելու փորձը «թիվ մեկ առաջնայնությունը» կլինի Միացյալ Թագավորության ԱԳՆ-ի աշխատանքում մոտ ապագայում:
ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո The Wall Street Journal թերթին տված առաջին հարցազրույցում Թրամփը չի ուրվագծել իշխանության գլուխ գալուց հետո Սիրիայում ԱՄՆ գործողությունների ծրագիրը, սակայն նշել է, որ, ամենայն հավանականությամբ, չի հետևի Բարաք Օբամայի վարչակազմի քաղաքականությանը, որն աջակցում է սիրիական չափավոր ընդդիմությանը: «Իմ հայացքը Սիրիային տարբերվում է շատ մարդկանց հայացքներից»,- ասել է միլիարդատերը: Թրամփը հայտարարել է, որ «Սիրիայում կկենտրոնանա ԴԱԻՇ-ի դեմ պայքարի, ոչ թե այդ երկրի նախագահ Բաշար Ասադի տապալման վրա»:



