Եթովպիայի իշխանությունները ԱԴ ռեժիմի առաջին ամսվա ընթացքում 11 հազար մարդու են ձերբակալել
МЕЖДУНАРОДНОЕԵթովպիայի իշխանությունները երկրում գործող արտակարգ դրության առաջին ամսվա ընթացքում 11 հազար մարդու են ձերբակալել, հայտնում է «Ֆրանս Փրես» գործակալությունը։
Եթովպիայում ԱԴ ռեժիմը սահմանվել է նոյեմբերի 9-ին վեց ամիս ժամկետով։ Իշխանությունները վերջին 25 տարվա մեջ առաջին անգամ են նման քայլի գնացել Օրոմիա տարածաշրջանում բռնկված հակակառավարական ելույթների ու անկարգությունների պատճառով։
Գործակալությունը նշում է, որ ձերբակալվածների թիվը զգալիորեն աճել է հոկտեմբերի վերջի համեմատ, երբ իշխանությունները հայտնել էին 2․5 հազար կալանավորվածների մասին։
Հոկտեմբերի 2-ին Օրոմիա տարածաշրջանում կրոնական փառատոնի ժամանակ հազարավոր մարդիկ էին հավաքվել։ Երբ ամբոխը սկսել է վանկարկել կարգախոսներ, ոստիկանները փորձել են ցրել ցուցարարներին, այդ թվում կիրառելով արցունքաբեր գազ ու նախազգուշական կրակոցներ արձակելով։ «Օրոմո ֆեդերալիստական կոնգրես» ընդդիմադիր կուսակցության նախագահ Մերենա Գուդինայի խոսքով, երկրում ցույցերի ժամանակ ավելի քան 100 մարդ է զոհվել։



