Ռուսական տնտեսության մայրամուտը հետաձգվո՞ւմ է
ЭКОНОМИКА
Համաշխարհային բանկը լավատեսական անդրադարձ է կատարել ռուսական տնտեսությանը՝ իր վերջին զեկույցում ամրագրելով, թե շարունակական ռեցեսիայից հետո այդ երկրի տնտեսական հիմնական ցուցանիշները վերականգնման նշաններ են դրսևորում: Ճիշտ է՝ վաղաժամ է համարվում հաղթանակը, որովհետև տնտեսության առջև ծառացած հիմնական ռիսկերն ու մարտահրավերները, ինչպես նաև՝ էներգակիրների ցածր գները դեռևս պահպանվում են, սակայն, ՀԲ փորձագետները նկատում են, որ տնտեսության քիչ թե շատ արագ դիվերսիֆիկացման և իրական բարեփոխումների դեպքում լիակատար կոլապսի հետ կապված հետագա մտավախության լուրջ առիթ այլևս չկա:
Այսպես՝ Համաշխարհային բանկը գնահատել է 2016 թ. Համախառն ներքին արդյունքի ցուցանիշը նաև կառուցվածքային տեսանկյունից և նախկին 0,6% աճի սպասումը բարելավել՝ այն հասցնելով 1,2%–ի: 2017–18 թթ. համար փորձագետներն այդ երկրում 1,5–1,7% տնտեսական աճ են ակնկալում՝ մեկ բարել նավթի արժեքը 55–60 ԱՄՆ դոլար արժողության պայմաններում, որովհետև այդպիսին են համաշխարհային ակնկալիքները: Եվ դա այն դեպքում, երբ ռուսական կառավարությունը բյուջեի հիմքում աճի նույն հաշվարկն է արել, սակայն նավթի գնի՝ 48–50 դոլար միջակայքում: Այլ կերպ ասած՝ կառավարութունը մի փոքր ավելի անբարենպաստ սցենար է աչքի առաջ ունեցել:
Որպես հիմնական ռիսկեր Համաշխարհային բանկը ՌԴ–ի համար դիտարկում է գնաճը, բանկային համակարգի խոցելիության աստիճանը՝ մակրոտնտեսական ցուցանիշների նկատմամբ, ռիսկային վարկերի մակարդակը, գործազրկության աստիճանը, աղքատության մակարդակի բարձրացումը, ինչով պայմանավորված՝ նաև գնողունակության անկումը, լուրջ խզումը հարուստների, աղքատների միջև և այլն: Էական խնդիր է դարձել նաև արտահանման նվազումը, մասնավոր հատվածում ներդրումների պակասը:
Ի դեպ, էներգետիկ բարեփոխումներն ամենաշատն են կարևորվում ոչ միայն տնտեսության դիվերսիֆիկացման, այլև հենց բուն ոլորտում բարեփոխումների անհրաժեշտության տեսանկյունից: Օրինակ՝ նավթագազային ոլորտում դեֆիցիտի մակարդակն արդեն իսկ 92 մլրդ. ԱՄՆ դոլար է կազմում, ինչն իր հերթին կազմում է ՀՆԱ–ի 10,4%–ը: Ստացվում է՝ տնտեսության համար քարշակ լինելու փոխարեն՝ ոլորտն ի՛նքն է խնդիրներ ստեղծում տնտեսության համար՝ չգոհացնելով որևէ մեկին:
Կարճ ասած՝ ՀԲ–ում պնդում են, թե անհրաժեշտ է օգտվել ռեցեսիոն շոկից դուրս գալու այս նպաստավոր պահից և անցնել համակարգային իրական փոփոխությունների՝ հընթացս բարելավելով մասնավոր սեփականության անձեռնմխելիության աստիճանը, ապահովել օրենքի գերակայություն, արդարադատություն, բարելավել նորմատիվ իրավական բազան, փորձել նվազեցնել պետության ներգրավվածության աստիճանը մասնավոր սեկտորում՝ պահպանելով ու զարգացնելով ազատ մրցակցության հիմնական կանոնը: Մանավանդ՝ հայտարարված ազատ շուկայի պարագայում:
Ինչ կերպ կընթանան իրադարձությունները, զարգացման ինչ ուղի կընտրի կառավարությունը՝ չափազանց կարևոր է Հայաստանի համար թեկուզ միայն այն պատճառով, որ ԵԱՏՄ անդամ երկիր ենք՝ մեկ, մեր տնտեսությունը և երկիր մտնող տրանսֆերտների առյուծի բաժինը, դժբախտաբար, պայմանավորված է ռուսական տնտեսության իրավիճակով՝ երկու:





















































1
Доннарумма договорился с «Манчестер Сити»
2
Власти уходят от ответа: кто будет контролировать азербайджанский транзит? «Паст»
3
Сотрудничество стран ЕАЭС в сфере туризма может стать катализатором экономического роста — Лусине Ба...
4
Два мальчика пообещали, что больше не будут драться: Аршак Карапетян
5
В Арташате найдена древнейшая церковь Армении