Հալեպահայ Ալին Մասրլյանը վստահ է՝ կին լինելը չպետք է խանգարի գործարար լինելուն
ИНТЕРВЬЮ
ՀՀ վարչապետի կողմից 2015 թվականին «Լավագույն կին գործատու» անվանակարգում հաղթող ճանաչված հալեպահայ գործարար Ալին Մասրլյանը վստահ է՝ կին լինելը չպետք է խանգարի գործարար լինելուն, մեծ ցանկության դեպքում կինը կարող է և՛ լավ մայր լինել, և՛ լավ գործարար:
– Տիկին Մասրլյան, ո՞ր թվականից եք գործունեություն ծավալում Հայաստանում:
– 1998 թվականին ընտանիքով Հալեպից տեղափոխվել ենք Հայաստան: 1999–ից հիմնել ենք քաղցրավենիքի և համեմունքների մասնագիտացված «Հալեպ» խանութների ցանցը: Մեր հաջողության գաղտնիքն այն էր, որ այդ տարիներին Հայաստանում արևելյան սննդի մասնագիտացված խանութներ չկային: Համեմունքներ և քաղցրավենիքներ Հայաստան բերելը նոր մշակույթ էր: Այն նոր և թարմ շունչ բերեց հայաստանյան շուկային: Մեր գործունեության սկզբին մենք սնունդը ներմուծում էինք միայն Սիրիայից, բայց, քանի որ 4,5 տարի է Սիրիայում պատերազմ է, Բեյրութից ենք ներմուծում:
– Այսօր բազմաթիվ տնտեսական խնդիրներ ունեցող Հայաստանում հե՞շտ է բիզնես սկսելը:
– Նման տնտեսության պայմաններում սկսնակ գործարարների առաջ ծառացած խնդիրները շատ են: Երկար տարիներ գործունեություն ծավալած խոշոր բիզնեսներն են փակվում: Հիմա դժվար ժամանակներ են: 1,5 տարի առաջ ցանցի ընդլայնման նպատակով փորձեցինք Գյումրիում խանութ բացել, սակայն մեր գործունեությունը երկար կյանք չունեցավ. պատճառը մարդկանց սոցիալական վիճակն էր: 1999–ին, երբ սկսեցինք մեր գործունեությունը, ևս կային տնտեսական դժվարություններ, բայց դրանք տարբերվում էին այսօրվա տնտեսական խնդիրներից: Հիմա շատ է առաջարկն արտադրողներից և ներմուծողներից, պահանջարկն է քչացել սոցիալական վիճակի պատճառով: Ապրիլյան պատերազմից և հուլիսի դեպքերից հետո հաճախորդների կտրուկ պակաս զգացվեց: Օրենքի մասով էլ խնդիրներ ունենք, երկիրն օրենսդրորեն անընդհատ փոփոխությունների մեջ է, չի կողմնորոշվում ԵՏՄ–ի օրենքները վերցնե՞լ, թե՞ Եվրոպայինը: Այդ պրպտումները հոգնեցնող են:
– Հալեպում հարազատներ ունե՞ք:
– Պատերազմի պատճառով բոլոր հարազատներս ցրվեցին աշխարհով մեկ: Միայն ամուսնուս քույրն է մնացել Հալեպում: Եղբայրս այն շատերից մեկն էր, ով եկավ Հայաստան և փորձեց հայրենիքում մանկական հագուստի արտադրություն սկսել: Բայց, քանի որ Հայաստանում հագուստի արտադրության մասով միկրո շուկա էր, հաջողություն չգրանցեց: Հիմա ընտանիքը թողել է Հայաստանում և մեկնել Եգիպտոս՝ աշխատելու:
– Հե՞շտ է լինել լավ կին և գործարար:
– Իհարկե, կան բարդություններ, բայց կան նաև առավելություններ, կարևորը հավատալն է սեփական հնարավորություններին: Երբ սկսեցի բիզնես գործունեությունս, երեխաներս դեռ շատ փոքր էին: Բայց տարիների ընթացքում ունեցած հաջողությունները վկայությունն են այն բանի, որ կարելի է և՛ լավ կին լինել, և՛ լավ մայր, և՛ լավ գործարար:
– Լավ կին, լավ մայր, լավ գործարար, իսկ լավ քաղաքական գործի՞չ. Ձեզ այդ դերում տեսնո՞ւմ եք:
– Ինձ քաղաքական գործչի դերում չեմ տեսնում: Քաղաքականությունը տանում է դեպի անձնական շահ, ինչն ինձ զայրացնում է: Այն, ինչ հետապնդում է ոչ թե հասարակական շահ, այլ անձնական, ինձ համար խորթ է: Ինչ վերաբերում է քաղաքականության մեջ կանանց ներգրավվածությանը, կարծում եմ, շատ լավ կլինի, որ կանանց թիվն ավելանա քաղաքական կուսակցությունների շարքերում, կինը խաղաղության սիմվոլ է, նա շատ բան կարող է փոխել:
Լիլիթ Վահանյան





















































1
Да, Самвел Карапетян - политический заключённый։ будущий президент Армении Самвел Карапетян должен б...
2
Доннарумма договорился с «Манчестер Сити»
3
Сотрудничество стран ЕАЭС в сфере туризма может стать катализатором экономического роста — Лусине Ба...
4
Соловьев пригрозил Азербайджану специальной военной операцией
5
В Арташате найдена древнейшая церковь Армении