Քաղաքական փոփոխություններ են անհրաժեշտ, ոչ թե իմիտացիոն ռեֆորմիստական քայլեր
ИНТЕРВЬЮ
Past.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը
– Պարոն Մանուկյան, ի՞նչ վիճակ է այսօր ներքաղաքական դաշտում:
– Ներքաղաքական դաշտում ինկուբացիոն շրջան է, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքական ուժերը համախոհներ գտնելու և դաշինքներ կազմելուխորհրդակցությունների փուլում են: Փաստացի, ներքաղաքական դաշտում կուլիսային քննարկումների փուլ է:
– Ինչպիսի՞ն է ներկա ընդդիմությունը:
– Ներկա ընդդիմությունը երկու մասից է բաղկացած` մի մասն իրական ընդդիմություն է, մյուս մասն էլ ընդդիմություն է աշխատում: Ընդդիմություն աշխատողներն այսօր շատ ավելի ընդդիմադիր են երևում: Այդառումով խառնաշփոթ է:
– Ի՞նչ գնահատական կտաք նախընտրական շրջանում իշխանության որդեգրած քաղաքականությանը: Գազի սակագնի իջեցումը, օրինակ, նախընտրակա՞ն քայլ է:
– Անշուշտ, գազի սակագնի իջեցումը նախընտրական քարոզի միջոց եմ համարում: Այդ քայլը, կարծես թե, ընդդիմադիր դաշտի ձայները գրավելու միտում ունի: Իշխանությունը փորձում է այնպիսի քայլեր անել, որոնքնախընտրական էմոցիաներ կառաջացնեն: Բայց այդ առումով բավարար հիմքեր չկան: Մեծ հաշվով, նման ծրագիր իրականացնելու ցանկություն չկա: Մի երկիր, որից ժողովուրդը մեծ թափով արտագաղթում է, տնտեսությունը գահավիժում է, ներդրումներ բացարձակ չկան, տրանսֆերտները նվազում են, աշխատատեղեր չեն ստեղծվում, բարեփոխումներ անելու հնարավորություն չի կարող լինել: Բարեփոխում կլիներ այնժամանակ, երբ երկու–երեք ամսվա ընթացքում կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարի, ներդրումների ռեալ ծրագիր լիներ: Իսկ այս իրավիճակը ցույց տվեց, որ լուրջ ծրագիր, որը կարող է բարեփոխման տպավորություն ստեղծել, չկա: Հայաստանում քաղաքական փոփոխություններ են անհրաժեշտ, ոչ թե իմիտացիոն ռեֆորմիստական քայլեր:
– Ի՞նչ ակնկալիքներ ունեք ապագա ընտրություններից:
– Հայ ազգային կոնգրեսը դեռևս մշակում է իր մոտեցումները, դաշինքներ կազմելու բոլոր հնարավորությունները, պոտենցյալ համախոհներ գտնելու առավելությունները, որպեսզի դեկտեմբերի 17–ի համագումարի ժամանակ ամփոփի նշված գործընթացները: Մեծ հաշվով, մենք կողմնակից ենք դաշինքներին: Դաշինք ստեղծելը հնարավորություն կտա դառնալ ընդդիմադիր բևեռ, հանդես գալ որպես այլընտրանք իշխանություններին: Այդ դեպքում կարող ենք ավելի շատ ձայներ հավաքել խորհրդարանում:
– Քաղաքացիական վերահսկողության ի՞նչ մեխանիզմներ պետք է ներդնել ազատ ու արդար ընտրությունների անցկացման համար:
– Քաղաքացիական հասարակությունը հատկապես անցած ընտրություններին շատ կարևոր դեր է խաղացել: Քաղաքացիական վերահսկողությունը Հայաստանում խիստ անհրաժեշտ է: Դրա համար է, որ 4+4+4ձևաչափում սերտորեն համագործակցում ենք քաղաքացիական հասարակության կառույցների հետ: Ինչ էլ լինի հետագայում, քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունն արդեն դրական է գնահատվում: Ես վստահ եմ, որ առաջիկա ընտրություններում մենք քաղաքացիական հասարակության հետ լուրջ և որակյալ դիտորդական գործունեություն կիրականացնենք:
Լիլիթ Վահանյան




















































