Տարածաշրջանում ԱՄՆ դիրքորոշման փոփոխության համար Շավարշ Քոչարյանը մտահոգվելու առիթ չի տեսնում
ОБЩЕСТВОՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը կարծում է` խնդիր չէ, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացված չէ ղարաբաղյան խնդրի մասին: Կառավարության նիստից հետո լրագրողները Քոչարյանին հիշեցրին, որ տարիներ առաջ ղարաբաղյան խնդրին վերաբերող հարցին Թրամփն արձագանքել էր, թե ինքը տեղյակ չէ ղարաբաղյան խնդրի մասին: «ԱՄՆ-ում շատ կայուն համակարգ կա` իր կառույցներով, փորձագետներով: Այնպես որ, դա խնդիր չէ: Պարտադիր չէ, որ աշխարհի ամեն մի մասում տեղի ունեցած իրադարձության մասին թեկնածուն ունենա լիակատար պատկերացում: Բայց բնական է, երբ կոնկրետ զբաղվի այդ հարցերով, կունենա այդ ամբողջ տեղեկատվությունը», -«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Շավարշ Քոչարյանը:
Պատասխանելով հարցին` հնարավո՞ր է, որ տարածաշրջանում փոխվի ԱՄՆ դիրքորոշումը՝ ՀՀ փոխարտգործնախարարն ասաց. «Մենք տեսնում ենք,որ գործ ունենք մի կայուն համակարգի հետ՝ իր կայուն փորձագիտական դաշտով, իր կայուն, նախապես առկա ծրագրերով, մոտեցումներով, և այն արտաքին քաղաքականությունը, որ պետք է որդեգրի Սպիտակ տան նոր ղեկավարությունը, իհարկե, կտեսնենք»: Քոչարյանի խոսքով՝ լրջորեն մտահոգվելու կարիք չկա, բայց աշխատելու տեղ միշտ էլ կա:



