Ավստրալացի խորհրդարանականը կառավարությանը հորդորել է բառախաղ չխաղալ Հայոց ցեղասպանության հարցում
ПОЛИТИКАԱվստրալիայի նախկին պաշտպանության նախարար, պատգամավոր Ժոել Ֆիցգիբոնը երկրի կառավարությանը հորդորել է դադարեցնել «բառախաղը» Հայոց ցեղասպանության հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:
Շնորհավորելով Հայաստանին անկախության 25-րդ տարվա կապակցությամբ` Ֆիցգիբոնը Ներկայացուցիչների պալատում հայտարարել է. «Ես եկել եմ այն եզրահանգման, որ մեր համայնքը չափազանց շատ ժամանակ է վատնում բառախաղերի վրա` քննարկելով, թե 1915 թվականին հայ ժողովրդի տառապանքը, արդյոք, ցեղասպանությո՞ւն էր, թե ոչ: Փոխարենը, մենք պետք է ավելի շատ ժամանակ ծախսենք` ճանաչելու փաստը, որ 1915-1923 թվականների ընթացքում հարյուր հազարավոր հայեր սպանվել են իրենց էթնիկ պատկանելության պատճառով»:
Նա նշել է, որ Ցեղասպանությունն ու խորհրդային իշխանության 70 տարին գուցե բավարար լինեին ցանկացած ժողովրդի մշակութային ոգին կոտրելու համար, սակայն հայերը տոկուն են և դիմացկուն, խելացի և նախաձեռնող: Նա ևս մեկ անգամ շնորհավորել է Հայաստանի անկախության 25-ամյակը` առանձնահատուկ ողջույններ հղելով Ավստրալիայի հայերին:



