Սիրիայի Դեմոկրատական ուժերը հայտնել են ԴԱԻՇ-ից Ռաքքայի ազատագրման գործողության մեկնարկի մասին
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի Դեմոկրատական ուժերը (SDF) հայտարարել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումից Ռաքքայի ազատագրման գործողության մեկնարկի մասին։ Այս մասին նրանք հայտարարել են սիրիական Այն Իսսա քաղաքում մամլո ասուլիսի ժամանակ՝ փոխանցում է Reuters գործակալությունը։ Այն Իսսան գտնվում է Ռաքքայից 60 կմ հյուսիս-արևմուտք։
ԱՄՆ-ի աջակցությունը վայելով Դեմոկրատական ուժերը քրդական, արաբական և այլ զինված կազմավորումների միավորում է, որոնք մասնակցում են Սիրիայի քաղաքացիական պատերազմին։
Գործողությունը կրում է «Եփրատի ցասում» անվանումը։ Հայտարարությունում ասվում է, որ նրանք տեղակայել են հրամանատարական կենտրոն՝ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հետ գործողությունների համակարգման համար։
Գործողությանը կմասնակցեն մոտ 30 հազար մարտիկներ։ Թուրքիան մասնակցություն չի ունենա։ Հիմնական դերը կխաղան սիրիացի քրդերը։
Դեմոկրատական ուժերը կոչ են արել Ռաքքայի բնակիչներին լքել քաղաքը։ Նրանք դիմել են նաև մարդասիրական կազմակերպություններին՝ այդ գործողության ընթացքում տուժածներին օգնություն ցուցաբերելու խնդրանքով։



