Ավարտվեցին նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների հանրապետական ռազմամարզական խաղերը
ОБЩЕСТВОՎազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների հանրապետական ռազմամարզական խաղերի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խաղերն անցկացվում են 4 փուլով: 1-ին՝ ներդպրոցական փուլին, 2016 թվականին մասնակցել են բարձր դասարանների աշակերտներ ՀՀ 38 տարածաշրջաններում և Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում՝ 30.000-ից ավելի դպրոցականներ։
Այս տարի հաղթող է դարձել Տավուշի մարզի Արծվաշենի միջնակարգ դպրոցը, 2-րդ տեղում Շիրակի մարզի Փոքր Մանթաշի միջնակարգ դպրոցն է, 3-րդում՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի ավագ դպրոցը:
Եզրափակիչ փուլում մրցանակակիր թիմերին հավաստագրերով, գավաթներով և հուշանվերներով պարգևատրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը: Մասնակից մյուս թիմերն արժանացել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի շնորհակալագրերի:
Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերն անցկացվում են 2004 թվականից: Միջոցառման նպատակներն են նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության կենցաղում առողջ ապրելակերպի արմատավորումը, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ և Հայաստանի Հանրապետութան ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդների դաստիարակումը, ինչպես նաև ավագ տարիքի դպրոցականների ֆիզիկական պատրաստականության մոնիտորինգի անցկացումը:



