ՀՀ դեսպանը հանդիպել է Ֆրանսիայի զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղարի հետ
ПОЛИТИКАՖրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր Ստեփանյանը նոյեմբերի 3-ին հանդիպեց Ֆրանսիայի՝ զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար պարոն Անդրե Վալլինիի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպման ընթացքում վերջիններս քննարկեցին Ֆրանկոֆոնիային վերաբերող արդիական հարցեր, մասնավորապես, նոյեմբերի 26-27-ին Մադագասկարի Հանրապետությունում՝ Անտանանարիվոյում, կայանալիք Ֆրանկոֆոնիայի առաջիկա գագաթաժողովի համատեքստում:
Այս կապակցությամբ զրուցակիցները փոխադարձ գոհունակություն հայտնեցին Ֆրանկոֆոնիայի ատյաններում Հայաստանի և Ֆրանսիայի միջև հաստատված ամուր համագործակցության առիթով:
Պարոն Վալլինին իր խորին երախտագիտությունը հայտնեց Ֆրանկոֆոնիայի շրջանակներում կատարվող աշխատանքներում Հայաստանի ակտիվ մասնակցության կապակցությամբ և նշեց առաջիկայում Հայաստան այցելելու իր մտադրության մասին:



