Թալիշում ծանր վիրավորում ստացած Ռոլանդն առաջիկայում 10-րդ անգամ կվիրահատվի
ОБЩЕСТВОԹալիշում ապրիլի 3-ին ծանր վիրավորված Ռոլանդ Սահակյանն առաջիկայում 10-րդ վիրահատության կենթարկվի:
Գրեթե 7 ամիս ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում գտնվող Ռոլանդին պառկելախոցի վիրահատություն է սպասվում:
Նշենք, որ Ռոլանդն արդեն ենթարկվել է երկու թոքերի, լեղապարկի, լյարդի, 12-մատնյա աղիքի եւ ողնաշարի վիրահատությունների: Հունիսի վերջին Ռոլանդը տեղափոխվել էր հիվանդասենյակ, սակայն օրեր անց վիրահատվել եւ կրկին տեղափոխվել էր Վերակենդանացման բաժանմունք: Այժմ նա արդեն հիվանդասենյակում է:
Ի դեպ, ըստ Պաշտպանության նախարարության ավելի վաղ տարածած պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվում է Ռոլանդին արտերկիր տեղափոխելու հարցը: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ականապայթյունային համակցված թորակոաբդոմինալ վիրավորում ստացած եւ ապրիլի 5-ին ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք տեղափոխված N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռոլանդ Սահակյանի վերականգնողական բուժումն արտերկրում կազմակերպելու ուղղությամբ եւս կատարվել են համապատասխան հարցումներ, ստացվել է համապատասխան դիրքորոշում: Անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթն ուղարկվել է ՀՀ առողջապահության նախարարություն` արտերկրում վերականգնողական բուժման հարցը սահմանված կարգով քննարկելու համար: Ռոլանդ Սահակյանի հարազատները եւս տեղեկացված են արտերկրում վերականգնողական բուժումը կազմակերպելու ուղղությամբ կատարվող աշխատանքերի մասին:



