Life.panorama.am-ը գրում է.
Երեկ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում իրարամերժ զգացողություններ էին տիրում`ամենուր հնչում էին ջերմ խոսքեր, ժպիտներ ու սիրված երգեր, որոնց մեջ կար թաքուն տխրություն. Երեկոն նվիրված էր Վարդուհի Վարդանյանին, ով տասը տարի առաջ հեռացավ կյանքից` թողնելով ոչ միայն բազում սիրված երգեր, այլեւ ջերմ հիշողություններ:
Երեկոյի ընթացքում Վարդուհի Վարդանյանի սիրված երգերը հնչեցրին Անդրեն, Զարուհի Բաբայանը, Սոնա Ռուբենյանը, Նարե Գրիգորյանը, Արսեն Սաֆարյանը, Արսեն Գրիգորյանը,Էրիկը, Սիրուշոն, Սյուզան Մարգարյանը, Սոնա Շահգելդյանը, Անչոկը, Մրոն, Քրիստինե Պեպելյանը, Հայկոն, Ինգա եւ Անուշ Արշակյանները, Տիգրան Պետրոսյանը, Աննա Խաչատրյանը, Արման Աղաջանյանը, Շուշան Պետրոսյանը եւ այլք: Իսկ հուզված հանդիսատեսի շարքում նստած էին Վարդուհու քույրերն ու որդին` Ռուբենը:
Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհի Շուշան Պետրոսյանը, փորձելով թաքցնել հուզմունքը, արտահայտվեց.
«Ինձ շատ դժվար է խոսել մի մարդու մասին, ով լուսավոր կետ է եղել մեր կյանքում, նրա կորստի հետ անգամ տասը տարի հետո չեմ մերվում ու երբեք էլ չեմ մերվի: Նրա հետ կապված հիշողություններս շատ են, երեկ էլ նույն ապրումներն էին, ինչ տասը տարի առաջ այդ չարաբաստիկ լուրն իմանալուց հետո ձեռքերս սառած բարձրացա բեմ: Վարդուհին շատ կարեւոր գույն էր մեզ համար, նա շատ լուսավոր էր, շատ սիրելի, մարդկային, անչափ բարի ու մաքուր, նրա զրնգուն ծիծաղն ու հումորը չի մոռացվի երբեք: Վարդուհին, իր հեռանալով, հատկապես այդ շրջանի շոու բիզնեսի ներկայացուցիչների ճակատագրերում տխուր նոտա ավելացրեց: Իհարկե, տարիներ անց արդեն ժպիտով ենք հիշում նրան, Վարդուհու կյանքը շարունակվում է նրա հրաշք որդու մեջ, նրա հրաշալի քույրիկների ու քրոջ զավակների մեջ: Վարդուհին կա, նա չէր էլ հեռացել, ուղղակի հիմա այստեղ չէ»:



