«Իմ կյանքում հանդիպածս բոլոր կանայք ինձ են հրաժեշտ տվել, իսկ հիմա՝ ես». Սոս Ջանիբեկյանը ցանկալի փեսացուի կարգավիճակում (լուսանկարներ)
ЛАЙФTert.am Life-ը գրում է.
Նոյեմբերի 4-ից «Ucom» ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի եթերում կմեկնարկի «Ցանկալի փեսացուն» իրապատում (reality show) հեռուստանախագիծը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ցանկալի փեսացուն՝ Սոս Ջանիբեկյանն է, որը ընտրվել է պրոդյուսերական խմբի անցկացրած հետազոտությունից հետո:
Tert.am Life-ի հետ զրույցում դերասան Սոս Ջանիբեկյանը պատմեց ցանկալի փեսացուի կարգավիճակում գտնվելու մասին:
«Առաջարկը ստացել եմ պրոդյուսեր, ռեժիսոր Հրաչյա Քեշիշյանի կողմից: Երկար մտորումներից հետո համաձայնեցի: Նման ձևաչափով նախագիծը, որն ամբողջ աշխարհում ընդունված է ու սիրված, առաջին անգամ է Հայաստանում արվում: Մտահոգությունս այն էր, թե ինչպես մարդիկ կընդունեն և որքանով այն կկայանա մեզ մոտ: Իհարկե, որակի և բարձր մակարդակի մասին երաշխիք ունեմ, քանի որ Հրաչյա Քեշիշյանն է գլխավորում, իսկ նրա աշխատանքներին շատ լավ ծանոթ եմ: Երկար մտածելուց հետո հասկացա, որ պետք չի վախենալ»,- ասաց Սոսը:

Վերջինիս խոսքով. «Չեմ ուզում կեղծ համեստություն անել, մտածում էի ոչ ոք ինձ համար չի մասնակցի այս նախագծին, հայի ավանդապաշտությունը թույլ չի տա, որ աղջիկները մասնակցեն, և կապ չունի, որ հոգու խորքում մի գուցե համակրեն ինձ: Չէի պատկերացնի, որ խիզախորեն կգան և իրենց անձնականը կդարձնեն հանրային»:
Նշենք, որ նախագծին մասնակցելու համար ընտրվել են 12 աղջիկներ, յուրաքանչյուր շաբաթ նրանցից մեկը լքելու է նախագիծը: Վերջնական ընտրությունը կարվի 2 գեղեցկուհիների միջև։
«Նկարահանումներն անցնում են շատ հետաքրքիր: Կարծես փոքրիկ ճանապարհորդություն է, որի ընթացքում հայտնվում ես տարբեր իրավիճակներում: Բացահայտում ես թե՛ ինքդ քեզ և թե՛ դիմացինիդ: Ծանոթացել եմ 12 շատ լավ աղջիկների հետ: Իրականում շատ դժվար է և ցավոտ, որ տղամարդը ցավեցնում է կնոջը և հրաժեշտ տալիս: Հատկապես, որ իմ կյանքում իմ հանդիպած բոլոր կանայք ինձ են հրաժեշտ տվել»,-նշեց դերասանը:

Սոսը չբացառեց, որ նախագծում հնարավոր է գտնի իր իսկական կողակցին:
«Սկզբում լուրջ չէի ընդունում, որ այստեղ կարող եմ հանդիպել իսկական կողակցիս, բայց միշտ մտածել եմ, որ կյանքում ամենաանհավանական իրավիճակներում էլ մարդիկ կարող են հանդիպել իրար: Ինձ համար այս նախագիծն ամենաանհավանական տեղերից մեկն է և ես չեմ բացառում դա»,- ավելացրեց նա:
Հարցին, թե ինչպիսի կին է փնտրում Սոսը, նա պատասխանեց. «Որպես այդպիսին կնոջ իդեալ չեմ ստեղծում: Կյանքի ընթացքում փորձը ցույց տվեց, որ սիրել եմ այն կանանց, որոնց մեջ որոշ գծեր չեմ ընդունել: Եղել են նաև կանայք, որ իրենց մեջ եղել են շատ լավ կողմեր, բայց այդպես էլ նրանց չեմ սիրել: Ինձ համար ամեն ինչ հարաբերական է ու երբեք պետք չի ասել երբեք»:

Սոսը կնոջ մեջ առաջինը նկատում արտաքին գեղեցկությունը, հետո կարևորում է ներքինը. «Եթե կինը չկարողանա պահպանել ներքին գեղեցկությունը, ապա արտաքինն այլևս գեղեցիկ չի լինի: Կարևորում եմ նաև, որ այդ ներքին գեղեցկությունը լինի բազմաշերտ, որ նա ժամանակի ընթացքում չլինի ձանձրալի ու անհետաքրքիր: Այս նախագծում շատ լավ աղջիկներ կան՝ հագեցած կյանքի կենսակերպով, փորձառու, միամիտ, անմիջական, խելացի և այլն»:
Զրույցի վերջում դերասանը ցիտեց Պարույր Սևակի խոսքերը՝
«Պատահաբար ես պատահում կյանքում,
Անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս…»:











Նյութը՝ Մելինե Տոնոյանի
Լուսանկարները՝ Կարեն Գալստյանի



