Հակառակորդի գնդակից զոհված Հայկ Թեւոյանի անապահով ընտանիքն օգնության կարիք ունի
ОБЩЕСТВОՍեպտեմբերի 3-ին հակառակորդի գնդակից զոհված 40-ամյա պայմանագրային զինծառայող Հայկ Թեւոյանի ընտանիքը օգնության կարիք ունի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Իջեւանի զորամասի հոգեւոր սպասավոր Սմբատ սարկավագ Խանվելյանը՝ ավելացնելով, որ Հայկ Թեւոյանի կինն ու չորս երեխաները սոցիալապես անապահով են եւ ապրում են խարխուլ տանը:
«Մեր ուժերին ներածին չափով պետք է օգնենք, Աստծո առաջ մարդն իր պարտքը տվեց եւ իր հայրենիքի համար ամենաթանկ բանը՝ իր կյանքը, չխնայեց, գոնե մի փոքր պետք է օգտակար լինենք իր ընտանիքին: Վատ պայմաններում է ընտանիքը ապրում, տունը խարխուլ է, պետք է վերանորոգվի: Կինն ասաց՝ լվացքի մեքենա է հարկավոր»,-ասաց Սմբատ սարկավագ Խանվելյանը՝ ավելացնելով, որ ընտանիքին օգնելու նպատակով «Հույս հային» բարեգործական նախաձեռնության շրջանակում երեկ ստեղծվել է հանգանակության հատուկ խումբ:
NEWS.am-ի հետ զրույցում Նորաշենի գյուղապետ Արթուր Կարապետյանը նշեց, որ ընտանիքն իսկապես սոցիալապես անապահով է, Հայկ Թեւոյանն էր ընտանիքի միակ աշխատողը:
«5 երեխա ունի՝ 3-ն անչափահաս են, 1-ը 18 տարեկան է, իսկ մեծ աղջիկն ամուսնացած է: Նպաստով էին գոյատեւում, գյուղապետարանն ընտանիքին վարձակալմամբ հող էր հատկացրել 5 հա, 5 հա իրենք ունեին, գյուղատնտեսությամբ ու անսնապահությամբ էր զբաղվում: Փլված անասնագոմը պետք է վերանորոգեն, տան վիճակն էն չէ, օգնության կարիք ունեն: Պարտադիր չէ դրամական լինի, ցեմենտ է, քար է, կարող են բերել, տունը վերանորոգեն»,-ասաց գյուղապետը՝ նշելով, որ ռուսաստանաբնակ նորաշենցիներից մի քանիսը որոշակի գումար են ուղարկել, որն այսօր կփոխանցի զոհվածի կնոջը՝ Ջավահիր Թեւոյանին:
Սմբատ սարկավագ Խանվելյանի խոսքով՝ արաձագանքներ կան, սակայն էական գումար դեռեւս չի հավաքվել:
Թեւոյանների ընտանիքին աջակցել ցանկացողները կարող են զանգահարել Հայկի կնոջը՝ Ջավահիրին, 098-16-70-57 հեռախոսահամարով, կամ դիմել Սմբատ սարկավագին՝ 077-81-87-44 հեռախոսահամարով:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ սեպտեմբերի 2–ի լույս 3–ի գիշերը հակառակորդի գնդակոծության հետեւանքով սպանվել է 40-ամյա պայմանագրային զինծառայող Հայկ Թեւոյանը: Պայմանագրային զինծառայողը 5 երեխա ունի` որից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ սոցիալապես անապահով պայմաններում է ապրում, նպաստառու է:
Հայկ Թեւոյանը Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության եւ անձնական արիության համար հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով:



