Մնում է պետությունը շվացնի, և մենք կարձագանքնեք, կապիկությունների կարիք չկա. ազատամարտիկ
ИНТЕРВЬЮ
Մեկնաբանելով սահմանային վերջին սադրանքները՝ ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը Past.am-ի հետ զրույցում ասաց, որ դրանք կարելի է ամեն ինչի հետ կապել:
«Ներքաղաքական իրավիճակի հետ կարելի է կապել, արտաքին ազդեցությունների և այլն: Բայց խնդիրը բոլորովին էլ դա չէ: Մենք ունենք թշնամի, ով հանդգնում է մեզ վրա կրակել: Այսօրվա խնդիրն է լռեցնել այդ թշնամուն: Մենք մեր անելիքը պետք է հստակ իմանաք: Վստահ եմ՝ բանակը գիտի: Պետք է մեկընդմնիշտ լռեցնել այն դիրքերը, որտեղից կրակում են մեր սահմանների վրա: Վերջերս շատ հարգված գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցն էլ նույն բանն ասաց: Էական չէ, թե ինչի հետ է կապված սադրանքը: Չպետք է միայն լռեցնել կամ վախեցնել, պարտավոր ենք վերցնել այդ դիրքերը: Լավ կլինի, որպեսզի հենց հիմա դա արվի: Կրակում են տանս վրա, և ես այդ դիրքը պարտավոր եմ վերցնել»,- նշեց պարոն Սարգսյանը և հավելեց, որ քաղաքական ենթատեքստեր ման չգանք, անգամ, եթե դրանք կան:
«Այստեղ էական չէ, թե որոնք են Ալիևի նպատակները: Մեզ համար կարևոր են մեր անելիքները և մեր համարժեք պատասխանը: Բոլոր տեսակի կապիկությունները պետք է մի կողմ դնել: Մենք՝ ազատամարտիկներս, կլինենք տեղում, երբ ՀՀ պաշտպանության նախարարությունը, մեր պետությունը կունենա դրա կարիքը»,- ասաց նա:
Հարցին՝ «կապիկություն» ասելով՝ ի՞նչ նկատի ունի Սուրեն Սարգսյանը, վերջինս պատասխանեց, որ խոսքը սահման գնալու տարբեր անհատական, ցուցադրական նախաձեռնությունների մասին է: «Եթե մեր կարիքը լինի, միայն մնում է մեր պետությունը շվացնի և մենք կգանք: Շոու սարքելու անհրաժեշտություն չկա: Անկախ իշխանության հանդեպ վերաբերմունքից՝ բոլոր ազատամարտիկները կարձագանքեն, եթե պետք լինի, որովհետև մեր շնորհիվ է, որ բանակ, պետություն և նախագահ կա»,- իր խոսքը եզրափակեց ազատամարտիկը:
Լևոն Փանոսյան




















































